ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» ռոք խումբը եւ հայկական պատվիրակության անդամները մայիսի 20-ի լուսադեմին Շվեդիայից ժամանել են Երեւան: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում խմբի մամուլի քարտողար Դինա Հովհաննիսյանը նշեց, որ տղաների տրամադրությունը բարձր է:
«Եվրատեսիլ 2013»-ի եզրափակիչ փուլում Lonely planet երգը ներկայացնող Հայաստանի պատվիրակ «Դորիանս» ռոք խմբին չհաջողվեց հայտնվել լավագույն տասնյակում: Խումբն արդեն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է թողել այն մասին, որ Երեւան ժամանելուց հետո պատրաստվում են կարճ դադար ունենալ, որից հետո կսկսեն աշխատել նոր ծրագրերի վրա:
«Սիրելի երկրպագուներ Հայաստանում եւ ամբողջ աշխարհում: Շնորհակալ ենք հրաշալի աջակցության համար նախքան մրցույթը եւ դրանից հետո: Մենք ունենք բարձր տրամադրություն եւ այս մրցույթը ուղղակի էջ էր մեր գործունեության մեջ»,- գրված է «Դորիանս»-ի ֆեյսբուքյան էջում:
Մի շարք լրատվամիջոցներ եւ ոլորտի ներկայացուցիչներ սոցիալական ցանցերում ծավալված քննարկումներում ու հեռուստատեսային հաղորդումներում միաձայն նշում էին, որ «Դորիանս»-ը բարձր մակարդակով ներկայացավ եվրատեսիլյան բեմում, անկախ արդյունքից պատվով ներկայացրեց մեր երկիրը երգի այս հեղինակավոր մրցույթում:
«Եվրատեսիլ 2013»-ի եզրափակիչ փուլում առաջին տեղը զբաղեցրեց Դանիայի ներկայացուցիչ Էմիլի դե Ֆորեստը` Only Teardrops երգով: Դանիայի ներկայացուցիչը հավաքեց 281 միավոր:
Շվեդիայի Մալմյո քաղաքի «ՄալմյոԱրենա» համերգասրահում անցկացվող երգի մրցույթի լավագույն հնգյակում հայտնվեցին Ադրբեջանը, Ուկրաինան, Նորվեգիան եւ Ռուսաստանը:
«Մենք մեկ ենք» (We are one) կարգախոսի ներքոընթացող միջազգային մրցույթն անցկացվեց Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի 14-18-ը: