ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երաժշտարվեստի բնագավառում անցկացվող «Տաշիր 2013» (TASHIR 2013) ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը կմեկնարկի մայիսի 18-ին Կրեմլի պետական պալատում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Տաշիր»-ն ազգային մրցանակաբաշխություն է, որի շրջանակում մրցանակ է տրվում հայկական երաժշտական մշակույթում ավանդ ունեցած արտիստներին:
«Տաշիր 2013»-ի համերգի հատուկ հյուրն է լինելու հանրահայտ երգիչ Էնրիկե Իգլեսիասը:
Մրցանակաբաշխությունը միտված է սատարելու հայկական երաժշտարվեստի լավագույն ներկայացուցիչներին ամբողջ աշխարհում: Աշխարհի ամենատարբեր երկրների ներկայացուցիչները հավաքվում են մեծ համերգային դահլիճում մեկ բեմի վրա, որպեսզի ներկայացնեն Ռուսաստանի մայրաքաղաքում բնակվող հայրենակիցներին հատուկ շոու, որը ներառում է դասական եւ ժամանակակից երաժտություն: Գալա համերգին կմասնակցեն Եվրոպայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչներ, որոնց թվում են Մարգարիտա Պոզոյանը, Նիկոլայ Բասկովը, Սոֆիա Ռոտարուն, Ավրաամ Ռուսոն, Քրիստինա Օրբակայտեն, Լյուբով Ուսպենսկայան: Ներկա կլինի նաեւ հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանը:
Որպես մրցանակաբաշխության հաղորդավարներ հանդես կգան Վիկտորիա Լոպիրյովան, Գարիկ Մարտիրոսյանը, Անդրեյ Մալախովը եւ Տատյանա Գեւորգյանը: «Տաշիր 2013»-ը ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի «Արմենիա» հեռուստաընկերությամբ: Մրցանակաբաշխությունը կունենա «Լավագույն դուետ», «Լավագույն երգչուհի», «Լավագույն երգիչ», «Տարվա հայտնություն» եւ «Հայաստանի ընկեր» անվանակարգերը:
2006 թվականից սկսած` «Տաշիր» մրցանակաբաշխությունն անցկացվում է մեծ մասշտաբով:Իր գոյության տարիներին այն ձեռք է բերել մեծ հաջողություն մոսկովյան հանդիսակաների շրջանում` ընդհանուր առմամբ հավաքելով ավելի քան 40 հազար հանդիսատեսի եւ 5 միլիոն հեռուստադիտողի: