Հատուկ նախագծեր

«Արարատ 73»- 40 տարի անց. «Արարատցիները» հիշում են «Դինամո»-ի նկատմամբ տարած հաղթանակի մանրամասները

6 րոպեի ընթերցում

«Արարատ 73»- 40 տարի անց. «Արարատցիները» հիշում են «Դինամո»-ի նկատմամբ տարած հաղթանակի մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի «Արարատ»-ի ուղին երկար ու կարճ, դժվար ու հեշտ անցանելի եղավ, վերելքներ ու վայրէջքներ ունեցավ մինչեւ… դարձավ «Արարատ-73»: Եվ ԽՍՀՄ բյուրեղապակյա գավաթը գլխավերեւում պահելու վայրկյանները մոռացության տվեցին դաշտից գլխիկոր հեռանալու պահերը: Եվ ցնծաց համայն հայությունը... Իսկ այդ օրը տոն դարձավ, որովհետեւ արարատցիներին հավատը չլքեց մինչեւ խաղի վերջին վայրկյանները:

Ահա թե ինչ է հիշում հավաքականի ձախ եզրային հարձակվողՆիկոլայ Ղազարյանը «Դինամո» (Կիեւ) - «Արարատ» գավաթի եզրափակիչ խաղից: «Անմոռանալի օր էր մեզ համար: Ես մինչեւ երկրորդ խաղակեսը պահեստայինների շարքում էի: Ես եւ Սերգեյ Պողոսյանը նստած էինք Նիկոտա Պավլովիչի թիկունքում: Երբ երկրորդ կեսից անցել էր 15 րոպե, մարզչական շտաբի անդամներից Հովհաննես Աբրահամյանը Սիմոնյանին հորդորում էր, որ պետք է նոր, թարմ ուժեր մտցնել խաղադաշտ: Պավլովիչը կրկնում էր, ճիշտ եք, գիտեմ, բայց դեռ ժամանակը չէ: Մոտ 20 րոպե անց Սիմոնյանը մեզ ասաց, որ արագ դաշտ մտնենք: Մարզադաշտ էինք մտնում միայն հաղթելու համար, չէինք մտածում պարտվելու մասին: Ինչպես Սիմոնյան էր որոշել, այդպես էլ եղավ: Մենք շատ ակտիվ ու արագ ներգրավվեցինք խաղում: Խաղի ընթացքը բեկվեց: Սա մարզչի ճիշտ որոշման շնորհիվ էր:

Երբ մի պահ նայեցի ժամացույցին, ուղիղ մեկ րոպե էր մնացել: Մեկ րոպե, եւ կավարտվեր հանդիպումը: Հրաշք էր մեզ պետք: Եվ եղավ այդ հրաշքը: Կովալենկոն գնդակ ուղարկեց տուգանային հրապարակ: Նրանց պաշտպանը գլխով կասեցրեց, ես այդ ընթացքում արդեն առաջ էի շարժվել, դեպի դարպասապահը: Եթե մրցակցի պաշտպանին հաջողվեր գնդակը հետ մղել, ապա հանդիպումը կվերջանար: Սակայն, չգիտես ինչու, նա ոչինչ չարեց, ավելի ճիշտ, գնդակը թողեց դարպասապահին: Բայց մինչ գնդակը կհասներ դարպասապահին, ես արդեն տուգանային հրապարակում էի: Որսացի գնդակը, փոխանցեցի դեպի կիսադաշտ, վրա հասած Իշտոյանը գոլի հեղինակ դարձավ: Հաշիվը դարձավ 1-1: Նշանակվեց լրացուցիչ ժամանակ: Հիմա դժվար է պատկերացնել, թե ինչպիսի դրամատիզմի եւ ուրախության մեջ էինք մենք: Հետաքրքիրն այն է, որ մեզանից ոչ մեկս չէր հաշտվում պարտության հետ` մինչեւ վերջին րոպեն: Հիմա չեմ կարող այս ուրախությունը մեկ այլնի հետ համեմատել, տպավորիչ պահերին էին, երբեք չմոռացվող»,- մանրամասն պատմում է նա:

Իսկ հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկի` Արկադի Անդրեասյանի, համար եզրափակչում հաղթելն արդեն պատվի հարց է եղել:

«73-ին ես խաղում էի նաեւ Խորհրդային Միության հավաքականի կազմում: Տարին սկսեցի վնասվածքի բուժմամբ: Ավելի քան մեկ ամիս Մոսկվայում բուժվում էի: Վերադարձա մրցաշարջանի մեկնարկից հինգ օր առաջ միայն: 72-ին, երբ կիսապաշտպան էի, որոշեցի խաղադաշտում դիրքս փոխել, անցա առաջ քաշված կիսապաշտպանի դիրք: Խորհրդային հավաքականում այդ նույն դիրքում էի խաղում: Ի միջի այլոց, հենց նույն 73-ին ամենաշատ գոլերի հեղինակը ես էի` 13 գնդակ: Այդ տարի ԽՍՀՄ հավաքականի կազմում խաղում էին «Դինամո»-ի 7 ֆուտբոլիստներ: Նրանցից մեկը` Մունտյանը, մի անգամ խաղի ժամանակ ինձ ասաց. «Լավ է, ձեր թիմը ինչ թիմ է որ, միեւնույնն է հաղթելու ենք ձեզ»: Եզրափակչի հանդիպման օրը ես անընդհատ հիշում էի այդ բառերը: Այդ վիրավորանքը ինձ կրկնակի ուժ տվեց:

Հիմնական ժամանակի վերջին փոխանցումը կատարեց Կովալենկոն: Այդ պահին մի արտահայտություն լսելի եղավ` «կորած գնդակ»: Հետո Նիկոլայ Ղազարյանը հասավ դարպասապահի հետեւից, իսկ Իշտոյանը գրավեց մրցակցի դարպասը:Երբ հաշիվը հավասարվեց, մենք հոգեբանական առավելություն ստացանք:Մեր հավատը մեզ ավելի մոտեցրեց հաղթանակին: Մեր բախտ բերեց նաեւ, որ մեր Իշտոյանը խփեց մեր երկրորդ գնդակը»- հիշում է Անդրեասյանը:

Իսկ «Արարատ»-ի այն ֆուտբոլիստը, ով ամեն ինչ կտար դարպասապահի ձեռնոցներն հանելու եւ թիմին հարձակման գծում օգնելու համար, հենց դարպասապահ Ալյոշա Աբրհամյանն էր: Ահա թե ինչ ավելացրեց նա. «Եզրափակչին պատրաստվել էինք ամենայն լրջությամբ: Չնայած մենք այդ տարի, իսկապես որ, շատ ուժեղ էինք: Իհարկե, Կիեւի «Դինամո»-ի ահն ու սարսափն ուրիշ էր: Նրանք միշտ էլ ուժեղ էին: Երբ մեկնեցինք Մոսկվա մեր ուսումնամարզական հավաք անցկացնելու ԽՍՀՄ հավաքականի բազայում, մեզանից քիչ հեռու Կիեւի «Դինամո»-ի բազան էր: Այդ ընթացքում մենք հասցրինք ուսումնասիրել կիեւցիների ուժեղ եւ թույլ կողմերրը:

Հանդիպման մեկնարկից առաջ արդեն ես ինձ անհանգիստ էի զգում: Մարզադաշտ մտնելուն պես ամեն ինչ մոռացա: Մեկնարկային 10-15 րոպեներին «Դինամո»-ի ֆուտբոլիստներ կարող էին գրավել մեր դարպասը: Երբ մեն-մենակ Բլոխինն եւ Կոլոտովը դուրս եկան իմ դիմաց, ինձ հաջողվեց հենց սկզբից որսալ նրանց հարվածները: Այդ պահից հետո հանդիպումն ուրիշ ընթացք ստացավ, եւ առավելությունն անցավ մեր կողմը: Բայց երբ երկրորդ խաղակեսում այդ չարաբաստիկ 11 մետրանոցը եղավ, նրանք հաստատ համոզված եղան, որ իբր արդեն հաղթել են, փոխարինեցին Բլոխինին: Իշտոյանի վերջին րոպեին խփած գնդակը փոխեց ամեն ինչ: Երբ ընդմիջմանը գնացինք, հանդերձարանում իրար ոգեւորում էինք. «Տղերք, այս խաղը մենք պետք է հաղթենք, ուրիշ ելք չկա»: Եվ այդ պահին հանդերձարան մտած Կենտկոմի քարտուղար Թովմասյանը ավելի ոգեւորեց մեզ: Մենք ավելի ուժեղ էինք մեզ զգում թե ֆիզիկապես, թե հոգեպես: Եվ հաղթեցինք»:

«Արարատցիների» հուշերը երախտագիտությամբ գրի առավ Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում