Շոու բիզնես

«Եվրատեսիլ 2013»-ի առաջին կիսաեզրափակչում որոշվեցին եզրափակիչ անցած տասը երկրները

2 րոպեի ընթերցում

«Եվրատեսիլ 2013»-ի առաջին կիսաեզրափակչում որոշվեցին եզրափակիչ անցած տասը երկրները

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթի Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի 14-ին տեղի ունեցած առաջին կիսաեզրափակիչ փուլին մասնակցող 16 երկրներից 10-ն անցան եզփափակիչ փուլ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` եզրափակիչ անցած երկրներն են Մոլդովան, Լիտվան, Իռլանդիան, Էստոնիան, Բելառուսը, Դանիան, Ռուսաստանը, Բելգիան, Ուկրաինան եւ Նիդեռլանդները:

Եզրափակիչ անցած երկրները որոշվում են ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ:

Մրցույթում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» ռոք խումբը իր Lonely planet երգով կներկայանա երկրորդ կիսաեզփափակչում` մայիսի 16-ին 11-րդ համարի ներքո:

Ելույթ են ունենալու 17 երկրների ներկայացուցիչներ: Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան եւ Իսպանիան, որպես մրցույթի համահիմնադիր երկրներ, ինչպես նաեւ այս տարի մրցույթը հյուրընկալող երկիր Շվեդիան մայիսի 18-ին, համաձայն մրցույթի կանոնադրության, եզրափակչում հանդես կգան առանց նախնական ընտրություն:

Շվեդիայի Մալմյո քաղաքի օպերային թատրոնի շենքում մայիսի 12-ին պաշտոնապես բացվել Է «Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթը: Լուսանկարչական խցիկների փայլատակումների ներքո 39 երկրների մասնակիցները 70-մետրանոց կարմիր ուղեգորգով անցել են հինավուրց շենք, որտեղ նրանց դիմավորել են Մալմյո քաղաքի եւ Շվեդիայի Սկոնեի հարավային մարզի իշխանությունների, Եվրոպայի հեռարձակողների միության (ԵՀՄ) եւ Շվեդիայի ՍՎՏ ազգային հեռուստատեսության ներկայացուցիչները:

58-րդ «Եվրատեսիլ»-ին այս տարի մասնակցում են 39 երկրներից ժամանած արտիստներ: Նրանք բոլորը մայիսի 12-ին հանդիպել են մրցույթի պաշտոնական բացման առթիվ Մալմյոյի «Եվրաակումբում» կայացած հանդիսավոր ընդունելության ժամանակ: Իրադարձությունը լուսաբանելու համար հավատարմագրված Է շուրջ մեկուկես հազար լրագրող, ակնկալվում Է մինչեւ 100 հազար հյուրի ներկայություն: Մրցույթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 18-ին:

Մրցույթն այս տարի անց է կացվում «Մենք մեկ ենք» ( We are one) կարգախոսի ներքո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում