Մշակույթ

ՀՊԵՆ-ի Hollywood Non-Stop նախագիծն ապացուցել է երիտասարդների սերը դասական երաժշտության նկատմամբ. Սերգեյ Սմբատյան

3 րոպեի ընթերցում

ՀՊԵՆ-ի Hollywood Non-Stop նախագիծն ապացուցել է երիտասարդների սերը դասական երաժշտության նկատմամբ. Սերգեյ Սմբատյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հոլիվուդյան հանրահայտ ֆիլմերի մեղեդիները ներկայացնող Hollywood Non-Stop համերգային ծրագրով մայիսի 15-ին եւ 16-ին հանդես կգա «Արամ Խաչատրյան» համերգասրահում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մայիսի 13-ին հրավիրված ասուլիսում Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը նշեց, որ Hollywood Non-Stop-ը բավական հետաքրքիր նախագիծ է:

«Ես ներկա եմ եղել նախագծի համերգներին Վանաձորում եւ Երեւանում: Նախագիծը ներկայացնում է մեզ համար լավագույն երաժշտությունը, լավագույնը` երիտասարդության շրջանում»,- ասաց Հեֆերնը:

ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը նշեց, որ պատահական չէ, որ հենց ՀՊԵն-ն է հերթական անգամ ներկայանում մի նախագծով, որի մեկնարկը տրվել է 2012 թվականին:«Շատ հետաքրքիր, նոր, կրեատիվ նախաձեռնություն է: Այն ներկայացնում է աշխարհահռչակ հոլիվուդյան ֆիլմերի երաժշտությունը եւ այդ կերպ դասական երաժշտության հանրահռչակում է տեղի ունենում նաեւ Հայաստանի մարզերում»,- ասաց Պողոսյանը:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ընդգծեց, որ Hollywood Non-Stop-ը առաջին հերթին կապացուցի այն, որ երիտասարդները սիրում են դասական երաժշտություն:

«Կարեւում եմ, որ նախագիծը երիտասարդության եւ երաժշտության սինթեզն է»,- նշեց Սմբատյանը: Նրա խոսքով` կարեւոր է, որ նախագիծը, չլինելով հայկական տեական, ՀՊԵՆ-ի միջոցով ներկայացնում է հանրահայտ ստեղծագործությունները նոր ձեւաչափով:

Առաջիկայում նախատեսվում է համերգներով հանդես գալ նաեւ Արցախում:

Ծրագրում կհնչեն «Գլադիատոր», «Կարիբյան ծովի ծովահենները», «Կնքահայրը», «Մի քանգամ Ամերիկայում», «Ռոմեո եւ Ջուլիետ», «Աստղային պատերազմներ», «Առաքելություն» եւ այլ կինոնկարների սաունդթրեքեր:Ծրագրում ընդգրկված բոլոր ստեղագործությունները գնվել են Հոլիվուդից:

Hollywood Non-Stop-ը հանդիսատեսի կողմից սիրված եւ սպասված ծրագիր է, որը մեկնարկել է 2012 թվականին եւ ներկայացվել է երեւանյան 8 բուհերում, որտեղ ավելի քան 6000 ուսանողներ ունկնդրել են հոլիվուդյան ֆիլմերի երաժշտությունը:

2013 թվականին նախագիծը ներկակացվել է նաեւ հանրապետության մարզերում` Գյումրիում, Վանաձորում, Եղեգնաձորում, Արտաշատում:

ՀՊԵՆ-ն բոլոր համերգների յուրաքանչյուր գնված տոմսի արժեքի 10%-ը նվիրաբերվելու է «Նվիրի´ր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով եւ արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը:

Համերգները տեղի կունենան Մշակույթի նախարարության աջակցությամբ եւ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության հովանավորությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում