Doing Business. Ազատամարտիկը հայրենիքի սահմանների պաշտպանությանը մասնակցելուց հետո սեփական բիզնեսն է հիմնել

6 րոպեի ընթերցում

Փոքր եւ միջին ձեռնարկատերերի մասին«Արմենպրես»-ի ակնարկների շարքի հերոսը ազատամարտիկ գործարար Ժորիկ Գևորգյանն է, ով երիտասարդներին հորդորում է մնալ հայրենիքում և սեփական բիզնես նախաձեռնել այստեղ:

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքից դեպի Ջերմուկ ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրում կա մի գողտրիկ անկյուն` «Արծվասար» խորտկարանը: Վերևում հսկա ժայռն է, հեռվում երևում են լեռները: Մինչև «Արծվասար»-ի հիմնումը, ժայռի տակ եղել է ամայի տարածք, որտեղ վխտացել են սողունները, և տեղանքը «զարդարել է» աղբը:

«Ջուրը, հոսանքը բերել եմ 2 կիլոմետրից` իմ ուժերով: Ամեն ինչ սարքել եմ»,- ասում է «Արծվասար»-ի սեփականատեր, Արցախյան հերոսամարտի և անկախության ազատամարտիկ Ժորիկ Գևորգյանը: Խորտկարանն արդեն մեկ տարեկան է և արդեն հասցրել է ձեռք բերել մշտական հաճախորդներ: Տասնամյակների փորձը Խորհրդային Հայաստանի ռեստորանային գործում մեծ նպաստ է ունեցել 61-ամյա Գևորգյանի հաջողության գործում: Ժորիկ Գևորգյանը եղել է Վայքի` խորհրդային տարիների միակ ռեստորանի վարիչը: Ամուսնացած է, ունի որդի և դուստր, ովքեր նրան երջանկացրել են` երկուական թոռնիկ պարգևելով: Որդին կնոջ հետ աշխատում է խորտկարանում:

Միության փլուզումից և անկախության շարժումից հետո, Ժորիկ Գևորգյանը որոշել է անձնական ավանդը ներդնել հայրենիքի սահմանները պաշտպանելու գործում: Նա Վայք-Սիսիան գծով Նախիջևանի ուղղությամբ մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանությանը, անդամակցել Երկրապահ կամավորականների միությանը և անձամբ Վազգեն Սարգսյանից ստացել երկրապահի իր վկայականը:

Հիշում է, որ Արցախից բացի, Հայաստանի ուղղությամբ ևս հակառակորդը մշտապես փորձել է հաջողության հասնել: Հարձակումներ են եղել Սիսիանի, Երախսի և այլ բնակավայրերի ուղղությամբ:

1990-ականների տնտեսական ճգնաժամը նրան ստիպել է ընտանիքը պահելու համար գնալ «խոպան»: Երկար տարիներ որպես խոհարար նա աշխատել է Լենինգրադում (այժմ` Սանկտ- Պետերբուրգ-հեղ.): Սակայն մի քանի տարի Ռուսաստանում աշխատելուց հետո որոշել է վերադառնալ Հայաստան: Վերադառնալուց հետո, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միջնորդությամբ Գևորգյանը վարկ է ստացել խորտկարանի կառուցման և բարեկարգման համար: Գործը սեզոնային է` մայիսից սեպտեմբեր: Սեզոնին իր ընտանիքի 4 անդամներից բացի, խորտկարանում աշխատում է ևս երկու աշխատող: Գործի բարդություն չկա, ասում է, եթե մարդն աշխատող է, գործ կգտնի, կվաստակի:

Գևորգյանը չի սիրում գուշակել կամ կանխատեսել ապագան: «Գործի ապագան միայն ժամանակը ցույց կտա: Եթե մարդիկ այցելեն, գործը կզարգանա, եթե հաճախորդներ չունենաս, կամ գործի բնույթը պիտի փոխես, կամ էլ դադարեցնես»,- ասում է ազատամարտիկ գործարարը:

Ժորիկ Գևորգյանը ցանկանում է գործը փոխանցել որդուն: «Տղայի համար եմ չարչարվել, սարքել, որ իրենը լինի: Ինքը լավ խոհարար է, լավ ձեռքի շնորհք ունի»,- որդուն է գովում տասնամյակների փորձ ունեցող խոհարար Ժորիկ Գևորգյանը: Համաձայն է, որ Հայաստանում բիզնես սկսելը հեշտ է, այն պահելն ու զարգացնելն է դժվար: «Հիմնական դժվարությունը հարկերն են: Ես էս հողը գնել եմ` ամեն միլիմետրի համար վճարելով: Ես ուզում եմ վճարել բոլոր հարկերը և վճարում եմ: Ուղղակի ամեն անգամ մի նոր բան են ասում»,- արձանագրում է Գևորգյանը: Դրանից զատ, նաև խնդիրներ է առաջացնում սկսնակ և արդեն կայացած գործարարների և ձեռնարկությունների միջև հարկային դաշտում հավասարության նշան դնելը:

«Ինձ բերել են համեմատում են 20 տարի առաջ դրած բիզնեսի հետ: Ես դեռ սկսնակ եմ, կայանալու խնդիր ունեմ: Էդ նույն բանն է, եթե մեկ տարեկան երեխային տան մի պարկ ալյուր ու ասեն` տար»,- իր մտահոգությունն է հայտնում փորձառու խոհարար և սկսնակ ձեռնարկատեր Ժորիկ Գևորգյանը:

Երիտասարդներին հորդորում է մնալ հայրենիքում և բիզնես նախաձեռնել այստեղ: Եթե երիտասարդներն այստեղ ապագա տեսնեն, կմնան և բարիք կստեղծեն, համոզված է Գևորգյանը: «Մարդն ամուր է սեփական հողի վրա: Բայց եթե հայրենիքում վստահություն չունենա, կթողնի-կգնա»,- վստահ է գործարարը:

Ժորիկ Գևորգյանի կինը` Ռոզա Գևորգյանը, համամիտ է ամուսնու ասածներին և կարծում է, որ իրենց միակ եկամտի աղբյուրը համարվող խորտկարանի զարգացման համար անհրաժեշտ է որոշակի հարկային զիջում: «Անընդհատ պարտք ենք կուտակում, որպեսզի կարողանանք գոյությունը պահպանել»:

Ժորիկ Գևորգյանը չի սիրում ծույլ մարդկանց, ովքեր, իր բնորոշմամբ, տանը նստած սպասում են, որ պետությունը իրենց մի կտոր բան տա ուտելու: «Կյանքումս այդպիսի բան չեմ մտածել: Ինձ ի՞նչ է եղել: 61 տարեկան առողջ տղամարդ եմ»,- շեշտում է Գևորգյանը:

Հայաստանից լավ տեղ մեկ էլ Հայաստանն է. սա է Ժորիկ Գևորգյանի կարգախոսը: Ուստի նա ցանկանում է, որպեսզի այստեղ ստեղծվեն երիտասարդների ինքնադրսևորման համար անհրաժեշտ պայմանները, և երկիրը զարգանա նոր գաղափարների ու նորարարության շնորհիվ:

Հաջողության պատմությունը եւ լուսանկարները տրամադրել է Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը

Հեղինակ՝ Դավիթ Մուրադյան

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին