5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրապետական կուսակցության համար Երեւանի ավագանու ընտրություններում հաղթանակը դժվար պայքարի արդյունքում տրվեց:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին կարծիք հայտնեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը: Նրա խոսքով` Երեւանի ավագանու ընտրություններն առաջին հերթին քաղաքի կառավարչի ընտրություններ են, ոչ թե` քաղաքական կուսակցությունների:«Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի բնակիչը գնաց եւ ընտրեց մենեջերի: Կարծում եմ, սա շատ դժվար հաղթանակ էր: Չգիտեմ իրենք հանրապետականներն ինչպես կգնահատեն, սակայն սա շատ դաժան կռիվ էր, շատ ուժեղ պայքար կար: Իսկ արդյունքը սպասելի էր»,- ասաց Շիրինյանը: Քաղաքագետը կարծիք հայտնեց, որ եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորեր ոչ թե Վարդան Օսկանյանն, այլ քաղաքական մեկ այլգործիչ, գուցե ավելի մեծ ցուցանիշներ գրանցեր. «Օսկանյանի կերպարը որպես քաղաքի կառավարչի այդքան էլ ընկալելի չէ հանրության համար»:
Անդրադառնալով «Բարեւ Երեւան» դաշինքին` Շիրինյանը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չպետք է եզրակացություն անի, թե այս ընտրություններն իր «Բարեւ»-ի հեղափոխությանը վնաս են հասցրել:«Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է կարողանա ընդդիմադիր լիդերի իր դերակատարության մեջ մտնել, ինչը Հայաստանի քաղաքական գործընթացները շատ լավ ուղղությամբ կտանեն»,- հավելեց Շիրինյանը:«Եթե Րաֆֆին ներկայանալի է որպես քաղաքական գործիչ նախագահական ընտրությունների ժամանակ, ապա ժողովրդի համար անհասկանալի է Երեւան քաղաքի հարցերով զբաղվողՐաֆֆու կերպարը»,- պարզաբանեց քաղաքագետը` հավելելով, որ ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի արդյունքները ժողովորդի ադեկվատ պատասխանն է նրանց` տարիների կատարած գործունեությանը: Ըստ նրա` այս երկու կուսակցություններն էլ պետք եզրակացություններ անեն եւ կուսակցության քաղաքական ղեկավարության փոփոխություններ իրականացնեն:«ՀՅԴ-ն գաղափարական ճգնաժամ է ապրում` կարծելով, որ կարեւոր չէ անձը, այլ` կուսակցության գաղափարը: Կարեւոր է եւ անձը, եւ նրա ներկայացրած գաղափարը»,- ընդգծեց Շիրինյանը:
Շիրինյանը նաեւ նշեց, որ իշխանությունները 2012 թվականի խորհրդարանական, 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո շատ դժվար հաղթանակներ են տարել, ինչը նշանակում է, որ իշխանությունը պետք է առաջնային համարի երկրի համար սոցիալ-տնտեսական հարցերի լուծումը եւ քրեաօլիգարխիկ համակարգի վերացումը:
Ընտրությունների արդյունքները սպասելի էին նաեւ քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի համար, ումդիտարկմամբ` Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքը ցույց է տալիս, որ ընդհանուր առմամբ կար հիմնական քաղաքական ուժը` ՀՀԿ-ն, որը պահպանել էր սեփական դերը, տեղը եւ նշանակությունը մայրաքաղաքի ընտրություններում: Մյուս կողմից կային այլ ուժեր, որոնք փորձում էին հանդես գալ որպես ընդդիմություն, եւ կային ուժեր, որոնք պարզապես ունեին իրենց կշիռը քաղաքական դաշտում:
«Այս ընտրությունները ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին, այլեւ շատ պարզ, հասկանալի պատճառով արտացոլում էին նաեւ քաղաքական ինչ-որ պայքար, ոչ քաղաքական կոնտեքստում»,- նշեց Մարգարովը: Նրա գնահատմամբ` Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում մասնակից քաղաքական ուժերը փորձում էին ներկայացնել ոչ իրենց մասնագիտական կարողությունները, այլ ընդամենը քաղաքական հատկանիշները:
Մայիսի 5-ին կայացածԵրեւանի ավագանու ընտրության նախնական արդյունքների համաձայն հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` ստանալով ձայների 55,86 տոկոսը, հետեւաբար, համամասնական ցուցակը գլխավորողՏարոն Մարգարյանը վերընտրվեց Երեւանի քաղաքապետ:
464 տեղամասերի տվյալների համաձայն Հայաստանի Հանրապետական կուսակցությունը առաջատար է 235 հազար 512 ձայնով` 55,86 տոկոս: ՀՀԿ-ին հաջորդում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 97 հազար 189 ձայնով` 23,05 տոկոս: Ձայների քանակով երրորդ տեղում է «Բարեւ Երեւան» դաշինքը` 35 հազար 732 քվեով` 8,47 տոկոս:«Հայ ազգային կոնգրես»-ը հավաքել է 18 հազար 499 ձայն` 4,39 տոկոս, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը` 15 հազար 999 ձայն` 3,79 տոկոս, «Օրինաց երկիր»-ը` 15 հազար 733 ձայն` 3,73 տոկոս, «Առաքելություն»-ը` 2692 հազար ձայն` 0, 64 տոկոս: