ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին նվիրված հեղինակային երեկո կանցկացվի «Մեցցո» երաժշտական ակումբում մայիսի 7-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին համերգի կազմակերպիչները, երեկոյին կմասնակցեն Տիգրան Մանսուրյանը (դաշնամուր), Իրինա Զաքյանը (սոպրանո), Յանա Դարյանը (ալտ) եւ Նելլի Մանուկյանը (ֆլեյտա): Կնվագակցեն նաեւ Ջուլիետա Վարդանյանը (դաշնամուր), Արամ Թալալյանը (թավջութակ): Համերգային ծրագրում կհնչի տարբեր ֆիլմերի համար Տիգրան Մանսուրյանի հեղինակած երաժշտությունը: Ընդգրկվել են նաեւ «4 երգեր», «Madrigal թիվ 3»-ը, «2 մաս լարային քառյակի համար», «Allegro Barbaro»-ն եւ «4 հայրեններ» ստեղծագործությունները: Տիգրան Մանսուրյանը հեղինակ է գլխավորապես նվագախմբային, կամերային, երգչախմբային եւ վոկալ գործերի, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում։
Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում եւ համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։ Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի եւ ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են` իրենց լուսապայծառ, արտահայտիչ մեղեդիներով եւ տպավորապաշտ, բարձրաճաշակ ու ընտիր հնչերանգներով։