ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Black Sabbath անգլիական ռոք խմբի լեգենդար կիթառահար Թոնի Այոմին, ով հեղինակել է «Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խմբի Lonley Planet երգը, հարցազրույց է տվել մրցույթի պաշտոնական Eurovision.tv կայքին:«Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ:
- Մենք զրուցել ենք «Դորիանս»-ի մենեջերի հետ, ով խոստովանեց, որ երկար ժամանակ տատանվում էր՝ դիմե՞լ «Եվրատեսիլ 2013» մրցույթում Հայաստանիհամար երգ գրելու խնդրանքով, թեոչ: «Իսկապես տարօրինակ էր խնդրել heavy metall-ի «կնքահորը»`Եվրատեսիլի համար երգ գրել»,- նշել էր նա: Ինչպիսի՞ն էր Ձեր առաջին արձագանքն այդ առաջարկությանը:
- Ւնձ համար իսկապես հաճելի էր, երբ ինձ խնդրեցին այդ մասին, եւ ես արագ համաձայնվեցի: Մտածեցի եւ զգացի, որ իմ գաղափարներից մեկը կարող էր շատ հարմար տարբերակ լինել:
- Դուք գո՞հ եք Lonely Planet երգի խոսքերից եւ «Դորիանս»-ի կատարման ձեւից:
- Կարծում եմ, որ խոսքերն իրոք լավն են եւ նկարագրում են այն, ինչը վերաբերում է մեզ բոլորիս: Դորիանս-ը երգը շատ լավ է կատարում: Նրանք հիմնականում պահպանել են իմ դեմո-տարբերակը, այնպես որ անակնկալներ չեղան:
- Ձեզ համար տարօրինակ չէ՞ լսել Ձեր երաժշտությունը ուրիշի կատարմամբ, հատկապես կիթառային րիֆերը եւ սոլոն:
- Երկար տարիների ընթացքում ես այնքան եմ լսել, թե ինչպես են ուրիշները կատարում Sabbath-ի երաժշտությունը, որ դա արդեն ինձ համար տարօրինակ չէ:
- Հնարավո՞ր է, որ մարդիկ, ովքեր սովորաբար չեն դիտում «Եվրատեսիլ»-ը, այս տարի փոխեն իրենց մոտեցումը Ձեր ներգրավվածության պատճառով:
- Ես հույս ունեմ, որ այդպես կլինի:
- Մայիսի 16-ին կայանալիք կիսաեզրափակչին ընդառաջ ի՞նչ կմաղթեք «Դորիանս»-ին:
- Խմբին հաջողություն եմ մաղթում, նրանք արժանի են լավագույնին: Ափսոսում եմ, որ անձամբ չեմ կարող սատարել նրանց: