Կարծիքներ

Քաղաքագետը Երեւանի ավագանու ընտրությանն ընդդիմության քարոզարշավը նմանեցնում է Կուրսկի ճակատամարտ գնալուն

3 րոպեի ընթերցում

Քաղաքագետը Երեւանի ավագանու ընտրությանն ընդդիմության քարոզարշավը նմանեցնում է Կուրսկի ճակատամարտ գնալուն

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավն աչքի ընկավ կարևոր մի շարքհանգամանքներով. նախակտիվություն ցուցաբերեցին այն քաղաքական ուժերը, որոնք չմասնակցեցին նախագահական ընտրություններին:«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ նկատելիորեն կենտրոնացում եղավ ընդդիմադիր ուժերի միջև ընդդեմ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի, անգամ նրա դեմ սև փիառ կիրառվեց: Բացի դրանից, այս քարոզարշավի ժամանակ մոռացվեց խորհրդարանական և նախագահական ընտրությունների ժամանակ ձևավորված հարգալից վերաբերմունքը:«Լավագույն ավանդույթները» վերականգնվեցին»,- ասաց քաղաքագետը:

Ըստ նրա` «Բարև Երևան» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը չկարողացան պահել քաղաքական սուր «դիսկուսը», ինչի մասին վկայում են վերջին սակավամարդ հանրահավաքները: Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսկացությունը քարոզարշավի երկրորդ հատվածում պասիվացավ:

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի գնահատմամբ` քարոզարշավի ընթացքում այն տպավորությունն է ստեղծվել, որ ընդդիմության համար այս ընտրությունները «Կուրսկի ճակատամարտի նշանակությունն ունեն»:«Եթե հիշում եք, այդ ճակատամարտում կտրուկ շրջադարձ եղավ, ինչից հետո Խորհրդային զորքերը բեկեցին պատերազմի ընթացքը, նույնն էլ ընդդիմությունն է փորձում անել. Երեւանի ավագանու ընտրությունների միջոցով փորձում է բեկում մտցնել Հայաստանի քաղաքական կյանքում»,- ասաց նա:

Նրա խոսքով` ընտրություններում հաջողության հասնելու հնարավորություն ընդիմությունն իսկապես ունի:«Թե ինչ կլինի, կիմանանք մի քանի օրից, սակայն կարող եմ միանշանակ ասել, որ մեզ լարված ընտրություններ են սպասվում՝ հետաքրքիր զարգացումներով»,- ասաց Շիրինյանը:

Երեւանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 5-ին, քաղաքական ուժերը կպայքարեն Երեւանի ավագանու 65 տեղի համար: Ընտրություններում կգործեն 464ընտրական տեղամասեր 13 ընտրատարածքներում:ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ), «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Առաքելություն», Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունները և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը:Քարոզարշավը մեկնարկել է ապրիլի 7-ին և կավարտվի այսօր` մայիսի 3-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում