Շոու բիզնես

«Փոքրիկ Զորավարը» հայկական կինոկատակերգությունը մեծ էկրան կբարձրանա հունիսի 1-ին

3 րոպեի ընթերցում

«Փոքրիկ Զորավարը» հայկական կինոկատակերգությունը մեծ էկրան կբարձրանա հունիսի 1-ին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օ՛ Հենրիի «Կարմրամորթ առաջնորդ»-ը պատմվածքի մոտիվներով նկահարահանված «Փոքրիկ Զորավարը» նոր կինոկատակերգության պրեմիերան տեղի կունենա հունիսի 1-ին «Մոսկվա» կինոթատրոնում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ֆիլմի սցենարի հեղինակ, բեմադրող ռեժիսոր եւ պրոդյուսեր Հենրի Քոչարյանը նշեց, որ ֆիլմի պրեմիերան նախանշված էր 2012 թվականի դեկտեմբերի վերջին, սակայն այն հետաձգվել է պայմանավորված մոնտաժային եւ այլ տեխնիկական աշխատանքներով:

«Քանի որ կային որոշ տեխնիկական աշխատանքներ, որոնք ավարտված չէին մինչ դեկտեմբեր, մենք որոշեցինք ֆիլմը ներկայացնել հենց երեխաների պաշտպանության միջազգային օրը»,- ասաց Քոչարյանը: Նրա խոսքով` «Փոքրիկ Զորավարը» ֆիլմը նախատեսված է բոլոր տարիքի դիտողների համար. ռեժիսորի նպատակն էր ստեղծել ժամանցային ֆիլմ առանց տարիքային սահմանափակումների:Բեմադրող ռեժիսորը կարեւորում է, որ ֆիլմի ստեղծագործական կազմը երիտասարդական է:

«Ես չեմ փորձել ընտրել հայտնի դեմքերի, այլ ընտրել եմ երիտասարդների, ովքեր առավելագույնս համապատասխանում են ֆիլմի դերերին»,- ասաց նա` հավելելով, որ ֆիլմի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այստեղ հնչող երաժշտության 90 տոկոսը հայկական ազգային երաժշտություն է:«Կարծում եմ հնչող ազգային կատարումները շատ համահունչ են ֆիլմի ընդհանուր թեմատիկային»,- ավելացրեց ռեժիսորը:

Ֆիլմի գլխավոր հերոսը մի օլիգարխի 7,5 տարեկան տղա է, ում երկու երիտասարդներ որոշում են առեւանգել եւ հորից փրկագին պահանջել: Սակայն տղան իսկական չարիք է դառնում նրանց գլխին: «Փոքրիկ Զորավարը» ֆիլմի նկարահանման աշխարհագրությունն ընդգրկել է Երեւանն ու Գառնին:

Սա Քոչարյանի առաջին կինոփորձն չէ. մինչ այդ նա հանդիսատեսին հայտնի էր, մասնավորապես իր «Զգուշացե'ք, կանայք են» ներկայացման շնորհիվ:«Զգուշացեք, կանայք են» ներկայացումը Քոչարյանի վեցերորդ բեմադրությունն էր: 2011 թվականի գարնանը «Թատրոն X’» հանրապետական փառատոնի շրջանակում ռեժիսորի` «Անվայել առաջարկություններ»-ը, որը բեմադրված է Անտոն Չեխովի «Արջ» եւ «Առաջարկություն» պիեսների հիման վրա, լավագույններից մեկն է ճանաչվել` արժանանալով դրամական պարգեւի:

«Փոքրիկ Զորավարը» ֆիլմի փակ դիտումը ԶԼՄ-ների համար նախանշված է մայիսի 31-ին «Մոսկվա» կինաթատրոնում: Ֆիլմը հունիսի 1-ից կցուցադրվի «Մոսկվա» եւ «Նաիրի» կինոթատրոններում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում