Հատուկ նախագծեր

«Արարատ 73-40 տարի անց». Հարություն Քեհեյան

14 րոպեի ընթերցում

«Արարատ 73-40 տարի անց». Հարություն Քեհեյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր 40 տարի առաջ եղել են «Արարատ 73»-ի շարքում, մարդիկ, ովքեր անվերապահորեն հավատում եւ անսահամանորեն վստահ էին` «Արարատ»-ը պարտվելու իրավունք չունի: Ֆուտբոլիստներից զատ «արարատցիներից» էր նաեւ Հարություն Քեհեյանը, մարդ, ով մնաց «Արարատ»-ում նաեւ ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո: Այսօր էլ «Հրազդան» մարզադաշտի տնօրեն Հարություն Քեհեյանի համար «Հրազդան» մարզադաշտում դեռ շարունակվում է «Արարատ»-ի խաղը:

«Արմենպրես»-ը շարունակում է լեգենդար թիմի ֆուտբոլիստներից իմանալ մինչեւ այսօր դեռ չասվածը:

Պատմում է Հարություն Քեհեյանը:

Ծնվել է 1930 թվականին, Աթենքում: Հարձակվող եւ կիսապաշտպան: Սպորտի վաստակավոր վարպետ: Վաստակավոր մարզիչ: ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում հանդես է եկել Երեւանի «Դինամո»-ում (1949-50), Մոսկվայի «Սպարտակ»-ում (1955), Երեւանի «Սպարտակ»-ում (1960-61, հետագայում «Արարատ») թիմերում: Երեւանյան թիմերի կազմերում անցկացրել է 87 խաղ, խփել է 9 գնդակ: ԽՍՀՄ Գավաթի 1954թ եզրափակչի մասնակից: Հայաստանի վաստակավոր մարզիչ: 1971թ. ԽՍՀՄ փոխչեմպիոն: Չեմպիոն եւ գավաթակիր Երեւանի «Արարատ»-ի մարզչական կազմում: Հաջողությամբ աշխատել-մարզել է հանրապետական պատանեկան թիմերը: Երեւանի Պատվավոր քաղաքացի:

-Պարոն Քեհեյան պատմեք, խնդրում եմ, ինչպե՞ս եկաք հայրենիք եւ ինչո՞ւ ընտրեցիք հենց ֆուտբոլը:

-Պատերազմից հետո ներգաղթ կազմակերպվեց, եւ ես իմ ծնողների հետ միասին առաջին «ծիծեռնակներից» էինք, որ առաջին քարավանով եկանք Հայաստան: Դա 1946 թվականն էր, օգոստոս ամիսը: Դեռ 16 տարեկանից արդեն հայտնի էր, թե ինչ եմ ուզում դառնալ: Ավարտել եմ Երեւանի արհեստագործական ուսումնարանը, չորրորդ կարգի խառատ եմ: Դիպլոմ ունեմ, բայց դա 60 տարի առաջ էր: Հիմա ես նույնիսկ չեմ էլ հիշում, ինչպիսին է դազգահը:

-Ինչպե՞ս ստացվեց, որ այդքան շուտ թողեցիք ֆուտբոլը:

-Մինչեւ Արարատի մարզչական կազմին հասնելը մի հետաքրքիր պատմություն եղավ ինձ հետ: Կարող էի ավելի երկար խաղալ, մանավանդ, որ թիմի ավագն էի: Բայց քանի որ վնասվածք ունեի, մի երկու տարի ավելի շուտ թողեցի ֆուտբոլը: Ես դիմում տվեցի, որ ինձ ազատեն թիմում հանդես գալուց: Եվ ֆուտբոլի պատմության մեջ մի բացառիկ բան եղավ. այդ նույն հրամանով ինձ նշանակեցին «Հանրապետական» մարզադաշտի տնօրեն: Հազվագյուտ բան է, թիմից հեռացրին` դաշտից` ոչ: Ֆուտբոլիստին նշանակեցին տնօրեն: Մինչ «Արարատ»-ում մարզչական աշխատանքի անցնելս 1966 թվականին ինձ նշանակեցին ֆուտբոլի հանրապետական դպրոցի ավագ մարզիչ: Ես այնտեղ էլ հաջողության հասա: Այն ժամանակ անցկացվում էին դպրոցականների սպարտակիադաներ: Մեծ մարզական մրցումներ էին, որին մասնակցում էին 15 հանրապետությունների, ինչպես նաեւ Մոսկվայի եւ Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) առանձին թիմերը: Մրցումներ էին անցկացվում բոլորի մարզաձեւերից, ես ղեկավարում էի ֆուտբոլի խումբը: Այդ տարի մրցաշարը կազմակերպվեց Լենինգրադում, եւ մենք գրավեցինք մրցանակային տեղ: Դրա հաջորդ տարում սպարտակիադայի ֆուտբոլի մրցաշարը տեղի ունեցավ Հայաստանում: Մեր թիմը գրավեց երրորդ տեղը:

-Պարոն Քեհեյանը ինչպե՞ս եկավ «Արարատ»:

-1971-ին «Արարատ»-ը մարզելու համարինձ հրավիրեցին, Մոսկվայից հրավիրվեց Գլեբովը: Ես գնացի Մոսկվա՝ իրեն Հայաստան ուղեկցելու: Նա շատ լավ ֆուտբոլային տեսաբան էր, շատ խելացի մարդ, բայց մեծ ֆուտբոլ չէր խաղացել եւ պրատիկա չուներ: Հակառակ իրեն, ես էլ ֆուտբոլային տեսություն չգիտեի: Ես լավ խաղալ գիտեի: Պատկերացրեք, որ այդ տարի մի հետաքրքիր խաղաշրջան ստացվեց: Եթե 1970 թվականին Արարատը, չեմ էլ հիշում, 9-րդ, թե 10-րդ տեղում էր, ապա հաջորդ մրցաշրջանում մենք արծաթե մեդալ նվաճեցինք: Իմ խաղացած ժամանակներում Կենտկոմից կամ ֆիզկուլտկոմիտեից մեզ առաջադրանք էին տալիս` լինել թեկուզ նախավերջին տեղում, բայց մնալ Բարձրագույն լիգայում: Իսկ 1973 թվականին հրավիրեցինք Նիկիտա Սիմոնյանին: Մենք իրար գիտեինք դեռ 1955 թվականից, քանի որ Մոսկվաի «Սպարտակ»-ում միասին խաղացել էինք: Հետո զուգադիպեց, թե բախտներս բերեց, նա եկավ ավագ մարզիչ, ես էլ դարձա նրա օգնականը:

-Դուք մարզչական շտաբի անդամ էիք, ներկա էիք լինում բոլոր խաղերին: Ինչպե՞ս եք հիշում եզրափակիչը:

-Ֆուտբոլի պատմության մեծ հաճախ չի լինում, որ մի թիմը նվաճի եւ գավաթ, եւ առաջնության ոսկե մեդալը: Առավել եւս մեզ նման մի փոքրիկ հանրապետություն, որն ունի ընդամենը 3 միլիոն բնակչություն եւ 29 հազար քառակուսի կիլոմետր տարածք, դարձավ ԽՍՀՄ եւ չեմպիոն, եւ գավաթակիր:

Ես այսօր գլուխ եմ խոնարհում մեր շախմատիստների առաջ: Այդ հերոսները ամբողջ աշխարհին զարմացրին: Ստիպեցին շատերին աշխարհի քարտեզի վրա փնտրել Հայաստան երկիրը: Այ, եթե Չինաստանը, Ռուսաստանը կամ Ամերիկան դառնում են օլիմպիական չեմպիոն, ոչ մեկը չի զարմանում: Քարտեզի վրա հազիվ երեւացող մի երկիր, բոլորին զարմացրինք եւ շշմեցրինք: Այդպես էլ, 300 միլիոնանոց գերհզոր մի պետություն էր ԽՍՀՄ-ը, այստեղ կային չորս-հինգ թիմեր ունեցող հանրապետություններ: Եվ ահա թե ում հաղթեցինք, ահա թե ում հետ էինք պայքարում չեմպիոն դառնալու համար: Այս ամենը մեկ կամ երկու օրվա ընթացքում չեղավ, 9 ամիս` մեկ խաղաշրջան: Մեկ առաջին տեղում էինք, մեկ` երկրորդ: Այսպես առաջ գնալով հասանք մինչեւ գավաթի եզրափակիչ:

Խաղը «Դիմանո» Կիեւի հետ էր: Խաղի սկզբում նրանք հաշվի մեջ առաջ անցան` 11 մետրանոցի շնորհիվ: Այդ միակ գոլը գրանցված մնաց մինչեւ հանդիպման 89-րդ րոպեն: Մենք` մարզիչներս, նստած էինք փոխարինողների հետ: Մեր մեջտեղում Նիկիտա Պավլովիչն էր նստած: Երբ արդեն վերջին րոպեն էր ընթանում, մտածեցի, որ «ծլկեմ» այստեղից: Երբ փորձեցի պոկվել աթոռից, մի ձեռք ամուր բռնեց ինձ: Սիմոնյանն էր, ասաց. «Նստիր, խաղը դեռ չի վերջացել»: Եվ իմ նստելն ու գոլ խփելը` մեկ եկավ: Հաշիվը հավասարվեց 1-1:

Այն ժամանակ կանոնադրությունն այնպես էր, որ եթե հիմնական ժամանակը ավարտվում է ոչ-ոքի, եւ ավելացված 30-ում եւս գոլ չի գրանցվում, ապա խաղը տեղափոխվում էր հաջորդ օրը: Երբ գնացինք հանդերձարան, ես կռահում էի, թե ինչ պիտի ասի Սիմոնյանը: Նա հրաման արձակելու նման ասաց. «Տղաներ, կամ այսօր, կամ` երբեք»: Նա շատ լավ գիտեր, որ եթե հաջորդ օրվան մնար, մենք չէինք կարողանա խաղալ: Անկեղծ լինեմ, մենք ֆիզիկապես այդքան էլ ուժեղ չէինք, ինչպես Կիեւի դինամոյականները: Իշտոյանի խփած երկրորդ գնդակից հետո արդեն քիչ ժամանակ էր մնացել: «Դինամո»-ականները սկսեցին շտապել, իսկ ֆուտբոլը այնպիսի խաղ է, որ շտապել չի սիրում: Դե, մենք էլ հաղթում էինք, սկսեցինք գնդակ պահել:

-Ստացվեց այնպես, որ Դուք կրկին գավաթի եզրափակչում էիք, ինչպես 1954 թվականին, բայց արդեն որպես մարզիչ:

- Այո, 1954 թվականին էլի Կիևի «Դինամո»-ի հետ էինք եզրափակչում: Ես խաղում էի եւ թիմի գլխավոր «ջութակահար»-ն էի (այն ժամանակ «Արարատ»-ը դեռ կոչվում էր «Սպարտակ»), 2-1 պարտվեցինք: 1973-ին մոտ 20 տարի առաջ տարած պարտության պատասխանը տվեցինք: Այն ժամանակ «Դինամո»-ի կազմում կար Միխայիլ Կոման անունով ֆուտբոլիստ, նա էլ 20 տարի անց արդեն մարզիչ էր, ես էլ: Հիշում եմ` մամուլում գրեցին` ռևանշ` 20 տարի անց: Նա որպես ֆուտբոլիստ էր հաղթել, բայց պարտվեց որպես մարզիչ:

-Ինչպե՞ս ձեզ հաջողվեց միասնական, կուռ թիմ ստեղծել:

-Մեզ մոտ էլ, ինչպես այսօր շախմատի հավաքականի տղաներն են իրար նկատմամբ հոգատար, այդպես էլ մենք էինք: Մեր թիմում եւ, ընդհանրապես, ֆուտբոլում խաղը թիմային է, ինչպես ասում են` մեկը բոլորի համար, բոլորը` մեկի: Մեր տղաների մոտ միմյանց նկատմամբ հոգատարությունն էր ամենակարևորը, համերաշխ էին, ընկերական: Այդ տղաները մոտ 5 տարի միասին խաղացել էին, իրար շուտ էին հասկանում, գիտեինք միմյանց: Հասկանում էին, որ եթե մեկը սխալվում է, սխալվում են բոլորը, այստեղ գործում է շղթայական ռեակցիայի օրենքը: Տղաները լավ գիտակցում էին սա, գիտեին, թե որ պահին ինչ պետք է անի Մարգարովը, ինչպիսի փոխանցում պետք է կատարի Անդրեասյանը, եւ այլն: Ահա այսպիսին էին մեր տղաները:

-Դուք ի՞նչն եք համարում «Արարատ»-ի գրավականը «Մոսկայի չեմպիոն» հռչակվելու համար:

- Մի գաղտնիք բացեմ: Գիտեք` ինչ էինք անում, մենք մշակել էինք հետեւյալ տակտիկական ծրագիրը: Հանդիպման օրը, առավոտյան չվերթով մեկնում էինք Մոսկվա, հանգստանում էինք հյուրանոցում, հանդիպումը հաղթելուց անմիջապես հետո վերադառնում էինք: Ստացվում էր այնպես, որ առավոտյան գնում էինք տանից եւ երեկոյան ուշ վերադառնում էինք: Մի հետաքրքիր ու ծիծաղաշարժ դեպք պատահեց ինձ հետ: Հարեւանս առավոտյան ինձ տեսնելով ասաց. «Հաղթեցիք երեկ, իսկ դու չես գնացել Մոսկվա»: Իսկ ես, իհարկե, գնացել էի, եւ վերադարձել:

Ֆուտբոլում կա այսպիսի մի չգրված օրենք, երբ դառնում ես չեմպիոն կամ գավաթակիր, հաջորդ տարի մի քիչ անկում ես ունենում: Սակայն մեզ մոտ այն այդքան էլ մեծ չեղավ: Մենք ոսկին տանելուց հետո գրավեցինք 5-րդ տեղը: Հետաքրքիրն այն էր, որ իմ սիրելի ֆուտբոլասերներն այլեւս չէին բավարարվում 4-րդ կամ 5-րդ տեղով: Եվ գիտեք ինչու, ինչպես ասացվածքն է ասում, ախորժակն ուտելիս է բացվում, մեզ մոտ էլ ինչ-որ չափով այդպես էր:

-Դուք կարոտո՞ւմ եք այդ օրերը:

-Եթե ասեմ ոչ, չհավատաք: Այս տարի տոնում ենք մեր այդ փառահեղ հաղթանակի 40-ամյակը: Չեմ մոռանում, երբ Նիկիտա Սիմոնյանին պարգև հանձնելիս մեր Հանրապետության Նախագահն ասաց, որ հայ ժողովուրդը երեք մեծ հաղթանակ է ունեցել, առաջինը Տիգրան Պետրոսյանն էր, երկրորդը «Արարատ 73»-ը եւ երրորդը Շուշիի ազատագրումը: Հիմա երբ այդ օրից 40-տարի է անցել, այս սերնդին պիտի խնդրեմ, առաջարկեմ, որ երբեք այդ հաղթանակը չմոռանան:

-«Արարատ» ասելիս ի՞նչն եք առաջինը հիշում:

- Մեր բոլոր հանդիպումները մեկիկ-մեկիկ հիշում եմ, նույնիսկ հիմա, այստեղ նստած, աչքիս առջևով անցնում են տղաները, ովքեր խաղում էին, վազում գնդակի հետեւից: Անմոռանալի են այդ խաղերը: Ֆուտբոլն ամեն ինչ է, ես էլ ուրիշ բան անել չգիտեմ: Ֆուտբոլն ինձ ամեն ինչ տվեց, եւ միայն տարիներս առավ:

-Կուզե՞իք հիմա ազգային հավաքականի կազմում լինեիք:

-Կուզենայի, մի բան էլ ավելին կուզենայի: Շատ կուզենայի: Եվ գիտեք ինչու, քանի որ հիմա անկախ երկիր ենք, ունենք ազգային հավաքական: Գիտեք` ինձ համար որքան թանկ է, երբ արտասահմանյան մի երկրում, որեւէ մրցույթում հնչում է«Մեր հայրենիք»-ը: Իսկ ազգային հավաքականը, ասել ու ասում եմ, լավ ապագա ունի: Երբ ազգային հավաքականը հաղթում է, ես մեկ տարով ջահելանում եմ, իսկ երբ տղաները պարտվում են` ես էլ մի տարով ավելի եմ ծերանում: Հավաքականը ուժեղացնելու երկու ճանապարհ եմ տեսնում. կամ մեր տղաները պետք հանդես գան դրսի ակումբներում, կամ էլ մենք պետք է ուժեղ առաջնություն անցկացնենք մեզ մոտ: Ես շարունակում եմ լավատես մնալ, քանի որ 64 տարի ֆուտբոլում եմ, մի տեսակ ֆուտբոլային հանրագիտարան եմ դարձել: Մենք պետք է չհիասթափվենք, արդեն տեսել ենք, որ կարող ենք հաղթել: Ուրեմն ամեն ինչ առջեւում է:

- «Արարատցիների» հետ կապը մնո՞ւմ է:

-Այո, կապը կա, իհարկե, կա: Մենք` Ալյոշա Աբրահամյանը, Սուրեն Մարտիրոսյան, Նորիկ Մեսրոպյանը Հովհաննես Զանազանյանը, Նիկոլայ Ղազարյանը, Սերգեյ Պողոսյանը, Արկադի Անդրիասյանը եւ Էդուարդ Մարկարովը, նրանք ովքեր ապրում են դեռ, վետերանների ակումբի անդամ ենք: Հավաքվում ենք, իրար տեսնում, նույնիսկ արտագնա խաղերի ենք գնում: Օրինակի համար, անցած տարի գնացինք Թբիլիսի եւ հանդիպում ունեցանք տեղի վետերան ֆուտբոլիստների հետ:

Հարություն Քեհեյանի հուշերը երախտագիտությամբ գրի առավՎարվառաՀայրապետյանը

Լուսանկարները` «Արմենպրես»-ի արխիվից եւ Ֆելիքս Առուստամյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում