Շոու բիզնես

«Սլավյանսկի բազար» մրցույթում Հայաստանն այս տարի կներկայացնի Վրեժ Կիրակոսյանը

2 րոպեի ընթերցում

«Սլավյանսկի բազար» մրցույթում Հայաստանն այս տարի կներկայացնի Վրեժ Կիրակոսյանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստրադային երգի «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթ-փառատոնում Բելառուսի Վիտեբսկ քաղաքում հուլիսի 9-17-ն այս տարի Հայաստանը կներկայացնի «X ֆակտոր-1» հեռուստատեսային նախագծի հաղթող Վրեժ Կիրակոսյանը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կիրակոսյանը նշեց, որ այժմ ընթանում են երգերի ընտրության նախապատրաստական աշխատանքերը:

«Մենք ընտրել եւ մրցույթի հանձնաժողովին ներկայացրել ենք լեհ հեղինակ Չեսլավ Նեմենի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից, իսկ հայերենով երգերը կլինեն Արթուր Գրիգորյանի եւ Մարինա Ալեսի երգացանկից»,- ասաց Կիրակոսյանը: Նա նշեց, որ երգերի վերջնական ընտրությունները կկատարվեն առաջիկա օրերին:

Հայաստանի ներկայացուցիչը երգում է դասական ժանրում, սակայն ելնելով «Սլավյանսկի բազար» մրցույթի պահանջներից` ՀՀ վաստակավորարտիստ Նադեժդա Սարգսյանի ուղղորդությամբ փորձում է իր ուժերը նաեւ էստադային ժանրում:«Ասում են` ինձ մոտ ստացվում է»,- ասաց երգիչը:

Կիրակոսյանը «Սլավյանսկի բազար» մրցույթում իր մասնակցության համար երախտապարտ է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանին` ընձեռնված պատասխանատվության եւ պատվի համար:

Մեր պատվիրակը չցանկացավ կանախտեսումներ անել, այլ միայն նշեց, որ իր համար յուրաքանչյուր մրցույթում ցանկացած մրցանակային տեղ զբացեղնելը եւ լավ ներկայանալը արդեն մեծ հաղթանակ է:

Չնայած նրան, որ Կիրակոսյանը մասնագիտությամբ իրավաբան է, 2004 թվականին ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, հաջողությամբ կարողանում է համատեղել երգը իր մասնագիտության հետ: «Կարծում եմ` երկուսն էլ չեն տուժում»,- ասաց նա:

Այժմ Կիրակոսյանը Երեւանի մշակույթի պետական քոլեջի փոխտնօրեն, «Էմի-Բի» պրոդյուսերական ընկերության տնօրենն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում