Կարծիքներ

Թուրքագետը Ցեղասպանության վնասների փոխհատուցման առումով հայերի իրավական գիտակցության մակարդակի բարձրացում է նկատում

3 րոպեի ընթերցում

Թուրքագետը Ցեղասպանության վնասների փոխհատուցման առումով հայերի իրավական գիտակցության մակարդակի բարձրացում է նկատում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ դաշնային դատարանում ընդդեմ Թուրքիայի կառավարության ամերիկահայերի ներկայացրած փոխհատուցման մասին հայցը հիմք հանդիսացավ, որպեսզի ամերիկացիները եւ թուրքերը եւս մեկ անգամ հիշեն Հայոց ցեղասպանության եւ հայերից խլած տարածքների մասին: Ապրիլի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: «Ճիշտ է, ամերիկյան դատարանը մերժեց ամերկահայերի պահանջը, եւ դա մի կողմից վատ է, քանի որ հետագայում նմանատիպ հայցերը հնարավոր է` դիտարկվեն նույն տեսանկյունից եւ արագ արձագանք ստանան, սակայն մյուս կողմից դա ցույց տվեց, որ ամեն հայի մոտ բարձրացել է իրավական գիտակցության այն աստիճանը, որ կարելի է դատի տալ եւ հատուցում պահանջել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ասաց թուրքագետը: Նրա կարծիքով` դատարանում այդ հայցի քննարկման ժամանակ Հայոց ցեղասպանության մասին ավելի շատ մարդիկ են տեղեկացել:

Շաքարյանն ընդգծում է, որ հայցը մերժվել է քաղաքական շահերից ելնելով. դատարանը մերժել է հայցը՝ չցանկանալով սեպ խրել թուրք-ամերիկյան բարեկամական հարաբերությունների մեջ: «Գաղտնիք չէ, որ Միացյալ Նահանգները Թուրքիայից քաղաքական մեծ շահեր ունի, եւ, բնականաբար, հասկանալի է, թե ինչու է դատարանը մերժել այդ հայցը»,- ասաց թուրքագետը՝ հավելելով, որ կարեւորն այն է, որ նմանատիպ հայցերի սկիզբը դրվեց:

Նա հույս հայտնեց, որ այդպիսի հայցեր կրկին կներկայացվեն ոչ միայն ամերիկյան ատյաններ, այլ նաեւ` թուրքական դատարաններ, ինչի շնորհիվ թուրք հասարակությունը կիմանա բազմաթիվ կալվածքների եւ հողակտորների իրական տերերի մասին: «Այսօրվա Թուրքիայի տարածքում բազմաթիվ են նախկինում հայերին պատկանող կալվածքներն ու հողակտորները, որոնց վրա այսօր թուրքերը բիզնես են ծավալում, եւ նրանք պետք է իմանան, թե ովքեր են այդ տարածքների իրական տերերը»,- ավելացրեց Շաքարյանը:

ԱՄՆ դաշնային դատավոր Դոլի Մ. Ջին մերժել է ամերիկահայերի ներկայացրածհայցն ընդդեմ Թուրքիայի Հանրապետության՝ Հայոց ցեղասպանության ժամանակ նրանց բռնագրաված կալվածքների փոխհատուցման պահանջով: Դատավորը վճիռը կայացնելիս մի շարք լուրջ փաստացի սխալներ է թույլ տվել, նաև` օրենքի խախտումներ, ուստի մեծ է հավանականությունը, որ Դաշնային վերաքննիչ դատարանը չեղյալ կհայտարարի դատավոր Ջիի անհիմն ու սխալ դատավճիռը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում