ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ժողովրդական արտիտուհի Ֆլորա Մարտիրոսյանի նախաձեռնած Never again («Այլեւս երբեք…») խորագրով մշակութային շարժումը երգչուհու մահից ամիսներ անց կշարունակի իր գործունեությունը, որը միտված է մշակույթի միջոցով Հայոց ցեղասպանության ճանաչմանը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում FMS media ընկերության համահիմնադիր Կարեն Ֆիդանյանը վստահեցրեց, որ Ֆլորա Մարտիրոսյանի վաղաժամ մահվանից հետո նախագիծն իր գործունեությունը չի դարադերցնի:
«Մենք մինչեւ 2015 թվականը` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, կիրականացնենք խոշոր միջոցառումներ: Թեեւ դեռ չկան հստակ նախանշված ժամկետեր, եւ նախագծի գործունեությունը բարդացել է նաեւ ֆինանսական միջոցների բացակայության հետեւանքով, սակայն մենք ամեն ինչ կանենք այն վերականգնելու համար»,- խոստացավ Ֆիդանյանը:
2007-ին Մարտիրոսյանը հիմնադրել է Artists For Peace («Արտիստները հանուն խաղաղության») բարեգործական կազմակերպությունը, որին անդամագրված համաշխարհային ճանաչում ունեցող մարդիկ մշակույթի միջոցով միավորվում են` Never again ասելու Հայոց ցեղասպանությանն ու մարդկության դեմ իրագործված այլ ոճրագործություններին։
Ֆիդանյանն ընդգծեց, որ իրենք կփորձեն անել ամեն ինչ երգչուհու երազանքին` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու համար:
Մարտիրոսյանը ծրագրել էր, որ նախագծի հեղինակների մտահղացմամբ ակցիան պետք է ավարտվի 2015 թվականին՝ հայաստանյան փառահեղ համերգով, որը կնվիրվի 20-րդ դարի առաջին ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Ֆլորա Մարտիրոսյանը հավատում էր, որ նախագիծը կնապստի ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այլեւ առհասարակ ամբողջ աշխարհում ցեղասպանության երեւույթի բացառմանը»,- ասաց FMS media ընկերության համահիմնադիրը: Նրա խոսքով` միջազգային ճանաչում ունեցող աստղերի ներգրավումը նախագծում մեծապես պայմանավորված էր Ֆլորա Մարտիրոսյանի գործոնով:
Ֆիդանյանը տեղեկացրեց նաեւ, որ Ջամայկայում հուլիսի 6-ին պետք է տեղի ունենար խաղաղությանը նվիրված համերգ, որին հրավիրված են երեք հայ երաժիշտներ, սակայն նրանց մասնակցությունը դեռեւս վերջնական չէ ֆինանսական միջոցների բացակայությամբ պայմանավորված:
Never Again համերգաշարին 2007 թվականից ի վեր մասնակցություն են ունեցել համաշխարհային մեծության աստղեր` Սթիվի Ուանդերը, Մալինա Մոյեն, Չակա Խանը, Ալեքսիա Վասիլեուն, Էրիկ Բենետը, Արտո Թունջբոյաջյանը, ռեփեր Պրասը:
Իր հանրահայտ «Դլե յաման» երգը Մարտիրոսյանը կատարել է Մայքլ Սթոունի` հանրահայտ դերասանուհի Շերոն Սթոունի եղբոր համատեղ: