Կարծիքներ

ՌԴ դեսպանը կարծում է` հայերի ցեղասպանությունը ոչ մի արդարացում չունի

2 րոպեի ընթերցում

ՌԴ դեսպանը կարծում է` հայերի ցեղասպանությունը ոչ մի արդարացում չունի

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայերի նկատմամբ գրեթե հարյուր տարի առաջ տեղի ունեցածը չի կարող արդարացվել ոչ մի դեպքում, ինչ էլ որ հորինեն պատմաբաններն ու քաղաքական գործիչները: Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելուց հետո «Արմենպրես»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: «Այդ տարիներին դաժանաբար մորթվել եւ ոչնչացվել են միլիոնից ավելի, ոչ մի բանում մեղք չունեցող հայեր, իսկ հիմա փորձ է արվում ինչ-որ պատմական արդարացումներ գտնել պատերազմի կամ քաղաքականության հետ կապված: Իմ կարծիքով՝ այդ ամենն ուղղակի պատասխանատվությունից խուսափելու փորձ է»,- ասաց նա:

Դեսպանը նշեց, որ մի օր պատմությունը վերջ կդնի Թուրքիայի համար այդ անփառունակ իրադարձություններին: «Իմ կարծիքով, կգա ժամանակը, երբ կտրվի մարդկանց ոչնչացման՝ Ցեղասպանության, իրական գնահատականը»,- ասաց նա:

Ռուսաստանի Դաշնությունը Պետական Դումայի որոշմամբ 1995 թվականի ապրիլի 14-ին ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը:

Ապրիլի 24-ին լրանում է Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման 98-րդ տարելիցը: Միջազգային քաղաքական մակարդակում ավելի պարզ կդառնա, թե 1915-ի 100-րդ տարելիցից առաջ Ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում ինչ զարգացումներ կարելի է սպասել աշխարհի մայրաքաղաքներից, և ինչի կարող է հանգեցնել Ցեղասպանության ճանաչման ողղությամբ Հայաստանի վերջին տարիների քաղաքականությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում