3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիություն-Հայաստան բարեկամական նորաստեղծ խմբի մի քանի անդամները` բարեկամական խմբի նախագահ Էլենի Թեոխարուսի գլխավորությամբ Երեւանում հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեց Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, բարեկմական խմբի անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, նաեւ հանդիպումներ կունենան Հայաստանի ղեկավարության հետ, իսկ ապրիլի 26-ին նրանք կայցելեն Արցախ:
Բարեկամության խումբը բաղկացած է շուրջ 40 անդամից, այժմ Հյաստանում են նրանցից 5-ը: Ի դեպ, բարեկամության խմբի անդամ է նաեւ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա- Հայաստան բարեկամական խմբի անդամ Վալերի Բուայեն, ով Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակն է: «Ծրագրվում են պարբերական այցեր նաեւ խմբի մյուս անդամների համար, որպեսզի վերջիններս գան Հայաստան, ծանոթանան հայ ժողովրդին, գնան Արցախ, եւ տեսնեն, որ այն աշխարհից կտրված մի հատված չէ, այնտեղ կա լավատես հայ ժողովուրդ: Իսկ ահա վերադարձի ժամանակ անհրաժեշտ է, որ այս մթնոլորտը փոխանցեն իրենց եվրոպացի գործընկերներին»,- ասաց Կարապետյանը` ընդգծելով, որ Արցախն ինքն իր ապագան պետք է որոշի:Բարեկամության խումբն արդեն մի շարք միջոցառումներ է նախատեսում իրականացնել:
Եվրամիություն-Հայաստան բարեկամության խումբն ստեղծվել է 2013թ. հունվարի 9-ին: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդանշական է, որ խմբի անդամները հայ ժողովրդի հետ հարգում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը եւ այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ-ին: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես քննադատել եւ ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, հետեւյալ երկրները` Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելա, Չիլի, Կանադա, Վատիկան, Ավստրալիա: