Շոու բիզնես

«Արմենիա» երաժշտական մրցանակաբաշխության մրցանակները գտան իրենց տերերին

4 րոպեի ընթերցում

«Արմենիա» երաժշտական մրցանակաբաշխության մրցանակները գտան իրենց տերերին

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենիա» ազգային 8-րդ երաժշտական մրցանակաբաշխությունը Սփյուռքում (ARMENIAMUSIC AWARDS) տեղի ունեցավ ապրիլի 20-ին Մոսկվայի Կրեմլի պալատի դահլիճում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցանակաբաշխության հատուկ հյուրը էր հայտնի ֆրանսիացի դերասան, սցենարիստ, համաշխարհային կինոփառատոների մրցանակակիր, Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմի գլխավոր դերակատարՌիշար Բերին էր:

«Տարվա լավագույն երգչուհի» մրցանակին արժանացավ Լիլիթ Հովհաննիսյանը, ում մրցանակ հանձնեց հանրահայտ իտալացի տենոր Ալեքսանդրո Սաֆինան: Լավագույն երգիչ կոչմանը մրցանակաբաշխության շրջանակում ճանաչվեց Մհերը: Նրան մրցանակ շնորհեց Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Տուրեցկին:

«Ժողովրդական երգիչ» անվանակարգում մրցանակի արժանացավ Գուրգեն Դաբաղյանը: Հեռուստատեսության զարգացման գործում մեծ ավանդ ունենալու համար մրցանակ շնորհվեց Հեռուստատեսության եւ Ռադիոյի Ակադեմիայի հիմնադիրՀամլետ Ղուշյանին:

Արտերկրում հայկական երաժշտության պրոպագանդման համար մրցանակի արժանացավ հանրահայտ երաժիշտ, Armenian Navy Band խմբի հիմնադիր Արտո Թունջբոյաջյանը:

«Լավագույն հումորային նախագիծ» մրցանակին արժանացան հումորիստներ Հայկոն եւ Մկոն:

Հաղորդավարական կազմում հանդես եկան Սամվել Գրիգորյանը, Լյուդմիլա Տատարովան, Նազենի Հովհաննիսյանը, Ալեքսանդր Օլեշկոն, Լուսինե Թովմասյանը եւ Դմիտրի Նագիեւը:

«Արմենիա» մրցանակաբաշխությունը հաջողված կենսագրություն ունեցող երաժշտական միջոցառումներից մեկն է, որը 2006 թվականին առաջին անգամ Մոսկվայում Կրեմլի պալատի դահլիճում համախմբեց հայկական էստրադայի լավագույն ներկայացուցիչներին: 2006 թվականին այն կրում էր «Անելիք» անվանումը, 2007-2010 թվականներին «Տաշիր»` արդեն 2011 թվականին անվանափոխվելով` «Արմենիա» մրցանակաբաշխություն:

Յուրաքանչյուր տարի մրցանակաբաշխությունը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ աշխարհի 137 երկրներում: Տարիների ընթացքում մրցանակաբաշխությունը ստացել է համաշխարհային մասշտաբ` արժանանալով հեռուստադիտողների մեծ սիրուն, հատկապես` հայկական Սփյուռքում:

Յոթ տարիների ընթացքում մրցանակաբաշխության հատուկ հյուրի եւ մրցանակակրի կարգավիճակում են եղել երգչուհի Շերը, Դեմիս Ռուսոսը, Վլադիմիր Սպիվակովը, Իոսիֆ Կոբզոնը, Ալեքսանդր Սաֆինան, Հուլիո Իգլեսիասը, Ալեն Դելոնը, Իրինա Ալեգրովան, Ֆլորա Մարիտրոսյանը, Կոնստանտին Օրբելյանը, Ջիվան Գասպարյանը, շատ ուրիշներ:

Ելնելով այն հանգամանքից, որ մրցանակաբաշխությունն ամեն տարի տեղի է ունենում «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ընդառաջ`այդ տարվա Հաաստանի մասնակցին տրվում է հաջողություն բերող թալիսման` «Ավանս» մրցանակը, որը հանձնեց հայտնի լրագրող, երաժշտական քննադատ Արթուր Գասպարյանը: Այս տարի այն շնորհվեց Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի 14-18-ը կայանալիք «Եվրատեսիլ 2013»-ում Ռուսաստանի ներկայացուցիչ ռուսական «Голос» հեռուստանախագծի հաղթող Դինա Կարիբովային:

Համերգի ընթացքում համատեղ ելույթով հանդես եկան «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի հայաստանյան պատվիրակ Դալիթան, «Մանկական Եվրատեսիլ 2012»-ում Հայաստանը ներկայացրած Compass band-ը, ինչպես նաեւ «Դասական Եվրատեսիլ 2012-ում»-ի մեր մասնակից Նարեկ Կազազյանը: Նրանք կատարեցին Compass band-ի Swetie baby երգը` քանոնի նվագակցությամբ:

Ազգային 8-րդ երաժշտական մրցանակաբաշխությանը մասնակցեցին Արտո Թունջբոյաջյանը, Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Ինգա եւ Անուշ Արշակյանները, Ալլա Լեւոնյանը, Հայկոն, Լիլիթ Հովհաննիսյանը, Քրիստինե Պեպելյանը, Սոֆի Մխեյանը, TheBeautified Project խումբը, Զառան, այլ անվանի կատարողներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում