ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ջազը եւ Գյումրին» նախագծի շրջանակում ապրիլի 20-ին Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում տեղի կունենա հայտնի ջազմեն Լեւոն Մալխասյանի ղեկավարած «Մալխաս» ջազ բենդի համերգը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նախագծի հիմնադիր Մկրտիչ Մանուկյանը նշեց, որ Լեւոն Մալխասյանի իսկապես սպասված համերգի տոմսերը դեռեւս հինգ օր առաջ ամբողջովին սպառված են եղել:
«Այժմ իրականացվում են տեխնիկական վերջին նախապատրաստությունները, ամեն ինչ ուղղակի հրաշալի է »,- ասաց Մանուկյանը` հավելելով, որ գյումրեցիները մեծ ոգեւորությամբ են սպասում համերգին:
«Ջազը եւ Գյումրին» նախագծի առաջին համերգը տեղի է ունեցել 2012 թվականի նոյեմբերին, որին մասնակցում էին դաշնակահար Վահագն Հայրապետյանը, ինչպես նաեւ «Նյու-Յորք-Երեւան» ջազ քառյակի ամերիկյան ջազմենները:«Ջազը եւ Գյումրին» ծրագրի շրջանակում երկրորդ` «Չիկո եւ ընկերներ» համերգը կայացել է նախորդ տարվա դեկտեմբերին:
«Ջազը եւ Գյումրին» նախագծի նպատակն է Գյումրիում երաժշտասերներին ներկայացնել հայ եւ արեւմտյան ջազ երաժիշտների արվեստը: Նախագիծն իրականացնում են «Մանուկյան պրոդաքշն»-ը եւ Գյումրու ջազ-ակումբը:
«Մալխաս» ջազբենդի կայանալիք համերգի տոմսերի արժեքը 3000 դրամ էր :
«Ջազը եւ Գյումրին» նախագծի շրջանակում մայիսի 26-ին տեղի կունենա Con Alma բենդի համերգը: «Արմենպրես»լրատվական գործակալությունը «Ջազը եւ Գյումրին» նախագծի ինֆորմացիոն հովանավորների թվում է: