Դաշնակահար Վահագն Հայրապետյանը հանդես է եկել Ամմանի ջազային փառատոնում
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ապրիլի 7-30-ն անցկացվում է 2-րդ միջազգային ջազային փառատոն, որի ծրագրում ընդգրկված են երաժիշտներ Գերմանիայից, Լյուքսեմբուրգից, Հոլանդիայից, Բուլղարիայից, Ավստրիայից, Հորդանանից եւ Հայաստանից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով armenianjazz.am կայքը, Հայաստանը փառատոնում ներկայացրել է դաշնակահար եւ երգիչ Վահագն Հայրապետյանը: Նա երեք երեկո անընդմեջ բեմ է դուրս եկել տարբեր կազմերով. դուետով հանդես է եկել հարվածային գործիքներ նվագող ամերիկացի Կրիս Մայքլի հետ, իսկ տրիոյով` հորդանանցի բաս կիթառահարի եւ պերկուսիոնիստի հետ:
Վահագն Հայրապետյանը ջութակահար Կարո Հայրապետյանի որդին է: Դպրոցական տարիներից զբաղվում է ջազ երաժշտությամբ: Ջազ երաժշտությամբ սկսել է հետաքրքրվել եւ սովորել Նյու Յորքում համաշխարհային ջազ լեգենդներ Բարրի Հարրիսից եւ Ֆրենկ Հյուիթից: Համագործակցել է բազմաթիվ լեգենդար երաժիշտների հետ: Նյու Օրլեանում թողարկել է 3 ձայնասկավառակ` «Love for sale», «Tripp to New Orleans» և «Bop it up»: Վիլնյուսում մասնակցել է ջազ փառատոնի և արժանացել «Գրան Պրի» մրցանակի: Մասնակցել է նաև մի շարք այլ միջազգային ջազային փառատոների` Լեհաստանի «Jazz Jamboree», Սանկտ-Պետերբուրգի, Մոսկվայի (1997-99թթ), Նյու Օրլեանի, Մոնրեալի և այլն: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում և' իր տրիոյի, և' համաշխարհային լեգենդար երաժիշտների հետ: Ջազ է դասավանդել Սիրիայում, Իրանում, Լիբանանում և Երևանում: 1998թ-ից «Armenian Navy Band» խմբի դաշնակահարն է: 2005թ. հիմնել է «Կատուներ» խումբը: Յուրաքանչյուր տարի մասնակցում է Կիպրոսում ԱՄՆ դեսպանատան կազմակերպած ամենամյա «Ապագայի ջազ» ծրագրին, որտեղ դասավանդում է և ելույթ ունենում հանրաճանաչ կոնտրաբասահար Արի Ռոլանդի և նրա խմբի հետ: Թողարկել է առաջին անհատական «Singin and Swingin» ձայնասկավառակը: «Խճճված զուգահեռներ», «Եթե բոլորը» և «Շորն ու շորշորը» ֆիլմերի երաժշտության հեղինակն է, որը կատարվել է «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի բացման ժամանակ: Արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը: