Շոու բիզնես

«Ջազը եւ Գյումրին» նախագծի շրջանակում համերգ կտա Con Alma բենդը

3 րոպեի ընթերցում

«Ջազը եւ Գյումրին» նախագծի շրջանակում համերգ կտա Con Alma բենդը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ջազը եւ Գյումրին» նախագծի շրջանակում մայիսի 26-ին տեղի կունենա Con Alma բենդի համերգը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նախագծի հիմնադիր Մկրտիչ Մանուկյանը նշեց, որ Con Alma բենդի դաշնակահարուհու հետ իրեն ծանոթացրել է «Դեղձանիկ» մանկապատանեկան խմբի հիմնադիր Գուգուշ Թագվորյանը, ով բնակվում է Ֆրանսիայում:

«Նրա խորհրդով որոշեցի ծանոթանալ խմբի հետ, պայմանավորվածություն ձեռք բերեցի խմբի հիմնադիր Երվանդ Մարգարյանի հետ եւ որոշոցինք համերգ կազմակերպել»,- ասաց Մանուկյանը:

Con Alma խումբը ձեւավորվել է 2010 թ. նոյեմբերին` փողահար Երվանդ Մարգարյանի եւ դաշնակահար ու վոկալիստ Նարինե Առաքելյանի նախաձեռնությամբ: Խմբի բոլոր մասնակիցները մեծ փորձառություն ունեցող երաժիշտներ են, նաեւ ելույթ են Երեւանում հանդես եկող այլ խմբերում եւ ամենատարբեր երաժշտական նախագծերում: Խմբի ներկայիս կազմի մեջ են Երվանդ Մարգարյանը (շեփոր, ֆլյուգելհորն), Նարինե Առաքելյանը (ստեղնաշաչային, վոկալ), Վահան Գրիգորյանը (ալտ-սաքսոֆոն), Արամ Կարապետյանը (բաս), Նարեկ Խեչումյանը (պերկուսիա) և Աշոտ Հարությունյանը (հարվածային): Որպես խմբի անուն ընտրվել է մեծն փողահար Դիզի Գիլեպսիի ամենահայտնի ստեղծագործություններից մեկի վերնագիրը` Con Alma, ինչն իսպաներենից թարգմանած նշանակում է «ի սրտե»: Այս խոսքերն յուրօրինակ կարգախոսն են դարձել խմբի համար, որը նվագում է տարբեր ոճերում` լատին, ֆանկ, սվինգ, եւ միշտ նվագում է ի սրտե: Իրենց հնչեցրած երաժշտություն համար խմբի անդամների պարտադիր նախապայման է, որ այն պետք է լինի մեղեդային, հետաքրքիր և միևնույն ժամանակ` կրեատիվ: Խումբը հաճախակի հյուր է երևանյան ճանաչված ակումբներում, նրանց ելույթները ցուցադրվում են հեռուստատեսությամբ: Con Alma սեքստետն իր համերգային ծրագրերով արդեն երկու DVD է ձայնագրել:

«Ջազը եւ Գյումրին» նախագծի շրջանակում ապրիլի 20-ին Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում տեղի կունենա ջազմեն Լեւոն Մալխասյանի ղեկավարած «Մալխաս» ջազ բենդի համերգը:

«Ջազը եւ Գյումրին» նախագծի առաջին համերգը տեղի է ունեցել 2012 թվականի նոյեմբերին, որին մասնակցում էր դաշնակահար Վահագն Հայրապետյանը, ինչպես նաեւ «Նյու-Յորք-Երեւան» ջազ քառյակի ամերիկյան ջազմենները:«Ջազը եւ Գյումրին» ծրագրի շրջանակում երկրորդ` «Չիկո եւ ընկերներ» համերգը կայացել է նախորդ տարվա դեկտեմբերին: Նախագծի նպատակն է Գյումրիում երաժշտասերներին ներկայացնել հայ եւ արեւմտյան ջազ երաժիշտների արվեստը: Նախագիծն իրականացնում են «Մանուկյան պրոդաքշն»-ը եւ Գյումրու ջազ ակումբը: «Արմենպրես» լրատվական գործակալությունը «Ջազը եւ Գյումրին» նախագծի ինֆորմացիոն հովանավորների թվում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում