Հարցազրույց

Թուրք գրողը հայ աղջիկներին գեղեցիկ է համարում, հայերին` լավ ժողովուրդ

3 րոպեի ընթերցում

Թուրք գրողը հայ աղջիկներին գեղեցիկ է համարում, հայերին` լավ ժողովուրդ

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-թուրքական մշակութային հարաբերությունները շարունակում են փոքրիշատե տեղաշարժ արձանագրել` չնայած քաղաքական հարաբերությունների կարգավորման կասեցմանը: Երկու երկրների մտավորականները շարունակում են փոխայցելություններ կատարել:

«Երեւանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում անցկացվող Պոեզիայի փառատոնին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել թուրք գրող Աթաոլ Բեհրամօղլուն: «Արմենպրես»-ը զրուցեց գրողի հետ, ով պատմեց Հայաստանից ստացած իր տպավորությունների մամսին:

- Պարո'ն Բեհրամօղլու, Դուք Հայաստանում եք` մասնակցելու Պոեզիայի միջազգային փառատոնին: Ինչպե՞ս եք Ձեզ այստեղ զգում եւ ի՞նչ տպավորություններ ունեք:

Ես ինձ այստեղ շատ լավ եմ զգում, տպավորություններս դրական են: Ես շնորհավորում եմ Հայաստանի գրողների միությանը, որ կարողացել է նման մեծ նախաձեռնություն իրականացնել, դա կարեւոր է: Ուրախ եմ նաեւ, որ փառատոնի շրջանակում հիմնված Պոեզիայի պուրակում կարողացել եմ ծառ տնկել: Ամեն ինչ շատ լավ է:

-Ինչպե՞ս եք գնահատում հայ եւ թուրք գրողների միջեւ առկա հարաբերությունների ներկայիս մակարդակը:

Չի կարելի ասել, որ հիմա առկա են մոտ հարաբերություններ, սակայն պետք է նաեւ նշել, որ մենք իրար ճանաչում եւ զգում ենք: Կարծում եմ, որ մենք պետք է ավելի լավ ճանաչենք միմյանց, ավելի մոտ լինենք, քանի որ կան շատ նմանություններ` պատմական, աշխարհագրական, մշակութային: Չի կարելի շարունակել ապրել իրարից հեռու վիճակում: Բայց ես լավատես եմ եւ կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Ես ուրախ եմ, որ որպես թուրք բանաստեղծ հրավիրված եմ այստեղ` չնայած որոշակի դժվարություններին. ամենօրյա ուղիղ չվերթներ չկան Ստամբուլից Երեւան, բայց կարողացել եմ գալ:

-Դուք առաջին անգամ եք այստեղ, ի՞նչը Ձեզ զարմացրեց կամ հետաքրքրեց:

Այո, ես առաջին անգամ եմ Երեւանում: Աղջիկները շատ գեղեցիկ են, իսկ հայերը լավ ժողովուրդ են: Ես շատ հայ ընկերներ ունեմ Ստամբուլում, ովքեր շատ մտերիմ եւ լավն են, այդ պատճառով այդ հանգամանքը ինձ չի զարմացնում, ես այս մարդկանց ճանաչում եմ: Հայաստանում ես արտասահմանցու զգացողություններ չունեմ:

-Կցանկանա՞ք նորից գալ այստեղ:

Իհարկե: Ես ցանկանում եմ, որ երկու ժողովուրդների մտավորականները հաճախակի փոխայցելություններ ունենան եւ առավել լավ ճանաչեն միմյանց:

-Պոեզիայի միջազգային փառատոնի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Դուք եղե՞լ եք այնտեղ:

Ոչ, քանի որ ես ճաշից հետո եմ ժամանել Երեւան: Դրա մասին դժվար է խոսել: Դրա մասին թող օբյեկտիվորեն խոսեն պատմաբանները, իսկ բոլոր ժողովուրդները թող ընդունեն, որ պատմության ընթացքում մեծ ողբերգություններ են եղել:

-Այնուամենայնիվ, Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է ժխտողականություն ցուցաբերել:

Կարծում եմ, որ ամբողջ աշխարհում կան քաղաքական հարցեր:

Հարցազրույցը` Արուսիկ Զախարյանի

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում