ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի քույրեր Ինգա եւ Անուշ Արշակյանների կողմից մարտի սկզբին երկրպագուների համար հայտարարված հեղինակային աշխատանքների մրցույթում հաղթել է Մարան Հրաչյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով երգչուհիների պաշտոնականկայքը, երգչուհիները «Շարմ հոլդինգ»-ի կոնֆերանս դահլիճում շնորհավորել են հաղթողին եւ հանձնել իրենց ձեռքով պատրաստված թեւնոցները:
Քույրերին թեւնոցը պատրաստելիս առաջնորդել էին «Բաղդասար» արվեստանոցի վարպետները՝ Սարգիսը եւ Սեւակը: Եղբայրների հեղինակած զարդերը երբեմն համալրում են Արշակյան քույրերի բեմական կերպարները:
Նախապես հայտարարված մրցույթի հիմքում ընկած էր այն գաղափարը, որ արտերկրում քույլերի շրջագայությունները բավականին շատ լինելու պատճառով իրենք չկորցնեն կապը երկրպագուների հետ:
Ստեղծագործական աշխատանքները ենթադրում էին տիկնիկների, պատկերապատումների, դիմանկարների, ասեղնագործությունների եւ ցանկացած այլ նյութից պատրաստված hand made իրերի եւ պատկերների մրցույթ: Աշխատանքները պետք է լինեին հեղինակային՝ հիմնված երգչուհիների կերպարների վրա:
Ինգան եւ Անուշըերգում եւ ստեղծագործում են մանկուց: Քույրերը ավարտել են Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանը. Ինգան` ջութակի, Անուշը` դաշնամուրի բաժինը: Ավարտելով Երեւանի պետական կոնսերվատորիան` երգչուհիները պրոֆեսիոնալ բեմում են 2000 թվականից: Քույրերը երաժշտական կարիերայի սկզբում որպես մեներգչուհիներ հանդես են եկել Հայաստանի երգի պետական թատրոնում:
2008 թվականից Անուշ եւ Ինգա Արշակյանները համագործակցում են «Շարմ հոլդինգ» ընկերության պրոդյուսերական կենտրոնի հետ:Երգչուհիներն իրենց մշակումներում վարպետորեն համադրում են հայկական ֆոլկ երաժշտությունը ռոքային, ջազային եւ ժամանակակից երաժշտության այլ ուղղությունների հետ, ներկայացնում դրանք բացառիկ վոկալ կատարողականությամբ:
Արշակյան քույրերը ներկայացրել են Հայաստանը «Եվրատեսիլ 2009» երգի միջազգային մրցույթում «Նոր պարգ» երգով: