Շոու բիզնես

«Սիրո ալիք» դուետում երգչուհի Սոնան առաջին անգամ երգում է հայերեն

3 րոպեի ընթերցում

«Սիրո ալիք» դուետում երգչուհի Սոնան առաջին անգամ երգում է հայերեն

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Սոնան եւ ժողովրդական ու էստրադային ոճերում ստեղծագործող երգիչ Արմեն Հովհաննիսյանը հանդիսատեսի դատին հանձնեցին իրենց նոր «Սիրո ալիք» տեսահոլովակը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ ապրիլի 17-ին «Յանս» երաժշտական ակումբում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Սոնան նշեց, որ ծանոթացել է Հովհաննիսյանի հետ 2012 թվականի ամռանը:

«Իսկապես, յուրահատուկ իրավիճակ է, որովհետեւ առաջին անգամ եմ հայերենով երգում: Մինչ այդ եղել են խնդրանքներ հայերենով երգելու, սակայն ինձ մոտ հայերեն երգելու վստահությունը ձեւավորվեց «Երեւան-Մոսկվա տրանզիտ» նախագծից, որտեղ ես հատվածներ եմ երգել հայերենով Սոսո Պավլիաշվիլիի եւ Սերգեյ Պենկինի հետ»,- պատմեց Սոնան: Երգչուհու խոսքով` նախագիծն իրեն հնարավորություն տվեց հասկանալու, որ ինքը կարող է երգել հայերենով, սակայն պահպանելով իր երաժշտական ոճային առանձնահատկությունները:

«Հույս ունեմ, որ կհավանեք, եւ ինձ համար կարեւոր է այն, որ պրոֆեսիոնալ երաժշտի հետ եմ երգել»,- նշեց Սոնան:

«2012 թվականի ամռանը մենք հանդիպեցինք Սոնայի հետ, եւ երբ առաջացավ գաղափար միասին երգելու, ես մտավախություն ունեի, սակայն հետո ուրախացա, որ պետք է երգենք հայերենով, ոչ թե ռուսերենով»,- ասաց Հովհաննիսյանը, ով նշեց, որ Սոնայի ստեղծագործական գործունեությանը ծանոթ է եղել դեռ «Մեր բակը» ֆիլմից:

«Երգը պետք է հավանեմ, միայն այդ ժամանակ ես կնկարահանեմ դրա համար տեսահոլովակ: Նախքան տեսահոլովակի նկարահանումը ծանոթ չէի Սոնային, սակայն առաջին հանդիպումն այնպես անցավ, կարծես հազար տարվա ընկերներ լինեինք»,- ասաց տեսահոլովակի ռեժիսոր Ալեն Մենուան, ով տեսահոլովակը բնորոշեց որպես փոքրիկ ֆիլմ:

Երգի սցենարիստ Արմեն Վաթյանն ուրախ է, որ իր ստեղծագործությունը կատարում են երկու տաղանդավոր կատարողներ:

2013 թվականի փետրվարին նկարահանվել է Սոնայի եւ Արմեն Հովահննիսյանի «Սիրո ալիք» զուգերգի տեսահոլովակը, որի նկարահանումները կատարվել են նաեւ Դուբայում: Շնորհանդեսի ընթացքում ԶԼՄ-ների ուշադրությանը ներկայացվեց զուգերգի ձեւավորման պատմությունը, ինչպես նաեւ ցուցադրվեց տեսահոլովակի նկարահանման ընթացիկ աշխատանքների մասին պատմող անակնկալ ֆիլմ:

Շնորհանդես-ասուլիսին հաջորդեց տոնական ընդունելություն՝ կոկտեյլ երեկույթ: Հյուրասիրության ընթացքում կենդանի բենդի նվագակցությամբ ելույթ ունեցան երգչուհի Սոնան, Արմեն Հովհաննիսյանը, Մերի Մնջոյանը, Հովհաննես Անդրեասյանը, Նարեկ Գևորգյանը, Աննա Պապյանը: Երեկույթը կշարունակվի Jam session ձեւաչափով:

Երեկույթին ներկա են հատուկ հյուրեր մշակույթի, բիզնեսի եւ պետական ոլորտներից, ներկայացուցիչներ լրատվամիջոցներից եւ շոու-բիզնեսից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում