ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական էստրադայի ներկայացուցիչներ Սոֆի Մխեյանի, Միհրան Ծառուկյանի եւ Անգելինա Գասպարյանի կատարմամբ «Դու զավակն ես Աստծո տան» երգը նվիրված ոստիկաններին կներկայացվի հանրության դատին ապրիլի 16-ին` ՀՀ ոստիկանության օրը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ Ոստիկանության մշակույթի կենտրոնի ղեկավար Արմեն Գեւորգյանը նշեց, որ երգի խոսքերն ու երաժշտությունը հեղինակել է Քնարիկ Սասունյանը:
«Այն երգիչները, ովքեր ընտրված են երգը կատարելու համար, ձայնային շատ նման տեմբր ունեն, եւ նրանց ձայների համադրությունը լավն է»,- ասաց Գեւորգյանը: Նրա գնահատմամբ` «Դու զավակն ես Աստծո տան» երգը ոստիկաններին ուղղված «ջերմ» ստեղծագործությունն է:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Սոֆի Մխեյանը նշեց, որ երգը գեղեցիկ աշխատանք է, որը ոգեւորիչ կլինի ոստիկանական համակարգում աշխատողների համար:
«Օրերս տեղի են ունեցել երգի ձայնագրությունն ու տեսանյութի նկարահանումները»,- տեղեկացրեց Մխեյանը:
«Դու զավակն ես Աստծո տան» երգն առաջին անգամ կհնչի ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանության Մշակույթի կենտրոնում կայանալիք համերգի ավարտին:
Ոստիկանության` արդեն շուրջ 40 տարի գոյություն ունեցողմշակույթի կենտրոնը իրականացնում է տարատեսակ միջոցառումներ ոչ միայն ոստիկանական տոնացույցի շրջանակներում: