ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ ամերիկացի ջազային կոմպոզիտոր եւ կիթառահար Լի Ռիտենուրը (Lee Ritenour) մայիսի 3-ին եւ 4-ինհամերգ կտա Երեւանի «Յանս» երաժշտական ակումբում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ակումբի ակումբի տնօրեն ՎազգենԱսատրյանը նշեց, որ համերգի իրականացման գաղափարը պատկանում է իրեն:
«Ես անձամբ տարիներ առաջ ճանաչել եմ այս երաժիշտին եւ առաջարկել եմ համերգներով հանդես գալ Երեւանում»,- պատմեց Ասատրյանը:
Նրա խոսքով` Ռիտենուրի հետ Երեւան կժամանեն իր բենդի անդամներ` հարվածային գործիքներ Ռոջեր Բիվանդուն (Roger Biwandu), բաս կիթառ` Մելվին Լի Դեվիսը (Melvin Lee Davis) եւ դաշնակահար` Ջոն Բիսլին (John Beasley):
Կիթառահար Լի Ռիտենուրը ծնվել է 1953 թվականին ԱՄՆ-ում: 1970-ականներին նրա նվագելու տեխնիկական վարպետությունը պատճառ է դարձել, որպեսզի նրան հրավիրեն իրենց ալբոմների ձայնագրման համար հանրահայտ կատարողներ Ստենլի Կլարկը, Սթիլի Դենը, այլք:
1980-ականներին Ռիտենուրի ստեղծագործական գործունեության վրա ազդեցություն ուներ լատինո-ամերիկան երաժշտությունը, որով նա լրջորեն տարվել էր դեռեւս երաժշտական ուսումնարանում սովորելու տարիներին: Երաժիշտը թողարկել է մոտ երկու տասնյակ ալբոմ:
Անդրադառնալով` 2012 թվականին դեկտեմբերին բացված երաժշտական «Յանս» ակումբի գործունեությանը, որը երեւանյան ամենամեծ ակումբներից մեկն է, Ասատրյանը նշեց, որ ակումբի նպատակն է ջազ եւ այլ երաժշտական ոճերում ստեղծագործող երաժիշտներին Հայաստանում համերգ տալու հնարավություն տալ:
«Նախկինում եւս Երեւանում եղել են նման ակումբներ, բայց չկար այս ձեւաչափի համերգների համար նախատեսված մեծ դահլիճ»,- նշեց ակումբի տնօրենը:
«Յանս ակումբը կարող է միաժամանակ ապահովել 250 մարդու ներկայություն դահլիճում, չնայած Jazz Parking նախագծի համերգի ընթացքում հանդիսատեսի թիվը հասնում էր 360-ի»,- պատմեց ջազմենը:
Կարճատեւ գործունեության ընթացքում «Յանս» ակումբում արդեն տեղի են ունեցել Նինո Կատամաձեի, Armenian NavyBand-ի համերգները, ինչպես նաեւ Մոսկովյան հայտնի Jazz Parking նախագծի շնորհանդեսը: