Շոու բիզնես

Սիրուշոն եւ «Դորիանս»-ը համերգային մեկ բեմում փոխանակեցին իրենց հայտնի երգերի կատարումները

3 րոպեի ընթերցում

Սիրուշոն եւ «Դորիանս»-ը համերգային մեկ բեմում փոխանակեցին իրենց հայտնի երգերի կատարումները

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Սիրուշոն եւ «Դորիանս» ռոք խումբն ապրիլի 6-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես եկան «Միասին մեկ բեմում» համերգային ծրագրով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` համերգի առաջին հատվածում հնչեցին «Դորիանս» ռոք խմբի երգացանկում ընդգրկված հին ու նոր կատարումները, որոնց թվում էր նաեւ խմբի «Եվրատեսիլ 2013»-ի Lonley planet երգը: «Ես կուլամ» երգի ընթացքում ողջ դահլիճը ձայնակցում էր խմբի մենակատար Գոռ Սուջյանին:

Համերգային երկրորդ հատվածում հանդես եկող Սիրուշոն բեմից հանդիսատեսին ուղղելով իր խոսքը` նշեց, որ ցանկանում է, որ այս պահը հավերժ մնա իր հետ: «Իմ առաջին համերգը տեղի է ունեցել, երբ ես տասը տարեկան էի, եւ այդ օրվանից իմ երաժշտական նախասիրությունները չեն փոխվել»,- անդրադառնալով իր կատարմամբ Կոմիտասի «Վիրավոր լորիկ» ստեղծագործությանը` նշեց Սիրուշոն:

Insight երգի ընթացքում երգչուհուն դաշնամուրային կատարմամբ նվագակցեց Վահագն Հայրապետյանը: Ռոքային տարբերակով հնչեց նաեւ Սիրուշոյի «Հավատում եմ» ստեղծագործությունը:

Համերգային ծրագրում համադրվեցին ռոք եւ փոփ ոճերի, ինչպես նաեւ ազգային մեղեդիների ռիթմերը: Համերգը ուղեկցվեց պարային եւ լուսային շոու ծրագրով: Սիրուշոն համերգի ընթացքում կատարեց «Դորիանս»-ի «Ես կուլամ» երգը, փոխարենը «Դորիանս»-ը երգեց Սիրուշոյի «Պռեգոմեշ»-ը:

Երկրպագուների համար համերգը իսկապես սպասված էր, ինչի մասին էին վկայում չդադարող ծափահարությունները: Երգերի մեծ մասի ընթացքում դահլիճը երգում էր արտիստների համահավասար:

Համերգը երկրպագուներից 2-ի համար բացառիկ հնարավորություն ընձեռեց հանդիպել սիրած կատարողներին ետնաբեմում: Համերգի կազմակերպիչ Deem communications ընկերությունը ետնաբեմում հայտնվելու համար նախապես երկրպագուների միջեւ մրցույթ էր հայտարարել: Ընկերության ֆեսյբուքյան էջում «Դորիանս» խմբի եւ Սիրուշոյի պաստառի տակ մեկնաբանություններում երկրպագուն պետք է գրեր, թե ինչու է իր կարծիքով ինքն այն լավագույն երկրպագուն, ով պետք է հայտնվի համերգի ետնաբեմում: Առավելագույն քանակությամբ «Like»-եր հավաքած երկու մասնակիցները հնարավորություն ունեցան լուսանկարվել իրենց սիրված կատարողների հետ:

«Միասին մեկ բեմում» համերգից առաջ` առաջին անգամ հանրությանը ներկայացվեց նաեւ Սիրուշոյի երգին համանուն «Պռեգոմեշ» զարդերի հավածաքուն:

Սիրուշոն ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ 2008» երգի մրցույթում: «Դորիանս» խումբը մայիսին կմեկնի Շվեդիա` ներկայացնելու մեր երկիրը «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում