Մշակույթ

Հայ երգիչը դարձել է «Կոստաբրավա» դասական երգի միջազգային փառատոնի հաղթող

2 րոպեի ընթերցում

Հայ երգիչը դարձել է  «Կոստաբրավա» դասական երգի միջազգային փառատոնի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դասական մեներգիչ Կարեն Զոհրաբյանը Իսպանիայում անցկացվող «Կոստաբրավա» միջազգային փառատոնին արժանացել է գրան պրի մրցանակին։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց երգիչը, իր համար պատիվ էր ներկայացնել Հայաստանը նման հեղինակավոր փառատոնում։ «Փառատոնում ներկայացրել եմ երեք երգ, որոնցից մեկը «Էրեբունի-Երևան»-ն էր։ Տպավորված եմ փառատոնի անցկացման կարգից և ժյուրիների անշահախնդիր վերաբերմունքից»,- նշեց Կարեն Զոհրաբյանը։

Նրա պրոդյուսեր Սամվել Գալստյանի խոսքով՝ արդեն չորրորդ անգամն է, ինչ հայ դասական մեներգիչները մեծ հաջողություններ են գրանցում միջազգային փառատոններում։ «Կարենը անցյալ տարի ևս Բուլղարիայի Բուրգաս քաղաքում անցկացվող միջազգային փառատոնին գրավեց առաջին տեղը»,- ասաց Գալստյանը՝ հավելելով, որ այժմ պատրաստվում են մասնակցել կրկին Բուլղարիայում անցկացվելիք «Մորֆեստ» փառատոնին, որը տեղի կունենա մայիսին։

Կարեն Զոհրաբյանը վստահ է, որ Հայաստանում կա դասական երգի այն դպրոցը, որը պատրաստ է մեծ երգիչներ տալ համաշխարհային բեմերին։ Նրա խոսքով՝ հայկական դասական երգարվեստը բավական բարձր դիրքերում է, ինչը վկայում են միջազգային փառատոներից բերված բազմաթիվ մրցանակները։

Կարեն Զոհրաբյանը սովորել է Երևանի կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Այժմ երգում է Հակոբ Պարոնյան անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «Ատամնաբույժն արևելյան» և «Մորգան» օպերետներում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում