Շոու բիզնես

«Տաշիր 2013» մրցանակաբաշխության հատուկ հյուրն այս տարի կլինի Էնրիկե Իգլեսիասը

5 րոպեի ընթերցում

«Տաշիր 2013» մրցանակաբաշխության հատուկ հյուրն այս տարի կլինի Էնրիկե Իգլեսիասը

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երաժշտարվեստի բնագավառում անցկացվող «Տաշիր 2013» (TASHIR 2013) ամենամյա ազգային մրցանակաբաշխության գալա համերգը տեղի կունենա մայիսի 18-ին Կրեմլի պետական պալատում: Մոսկվայից«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Տաշիր» ընկերության հասարակայնության հետ կապերի տնօրեն Մարինա Գազեն նշեց, որ կայանալիք համերգի հատուկ հյուրն է լինելու հանրահայտ երգիչ Էնրիկե Իգլեսիասը:

«Մենք ամեն տարի փորձում ենք մրցանակաբաշխությունն ավելի յուրահատուկ դարձնել»,- ասաց Գազեն: «Տաշիր»-ն ազգային մրցանակաբաշխություն է, որի շրջանակում մրցանակ է տրվում հայկական երաժշտական մշակույթում ավանդ ունեցած արտիստներին:

«Իմ երկրպագուները Ռուսաստանից եւ ԱՊՀ-ից ինձ միշտ ջերմ ընդունելության են արժանացրել, եւ ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ Կրեմլի պալատում «Տաշիր 2013» մրցանակաբաշխության ընթացքում»,- հատարարել է հատուկ հյուր Իգլեսիասը:

Մրցանակաբաշխությունը միտված է սատարելու հայկական երաժշտարվեստի լավագույն ներկայացուցիչներին ամբողջ աշխարհում: Աշխարհի ամենատարբեր երկրների ներկայացուցիչները հավաքվում են մեծ համերգային դահլիճում մեկ բեմի վրա, որպեսզի ներկայացնեն Ռուսաստանի մայրաքաղաքում բնակվող հայրենակիցներին հատուկ շոու, որը ներառում է դասական եւ ժամանակակից երաժտություն:

Գալա համերգին կմասնակցեն Եվրոպայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչներ, որոնց թվում են Մարգարիտա Պոզոյանը, Նիկոլայ Բասկովը, Սոֆիա Ռոտարուն, Ավրաամ Ռուսոն, Քրիստինա Օրբակայտեն, Լյուբով Ուսպենսկայան: Նրեկա կլինի նաեւ հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանը:

Ժամանակակից հայկական երաժշտության վառ ներկայացուցիչներից գալա համերգին ելույթ կունենան Grammy եւ Worls Music Awards միջազգային մրցանակների դափնեկիր Արտո Թունջբոյաջյանը եւ նրա ղեկավարած ավանգարդ ֆոլկ-ջազային Armenian Navy Band խումբը, նաեւ «Եվրատեսիլ 2008»-ում Հայաստանը ներկայացրած Սիրուշոն, «Եվրատեսիլ 2009»-ի հայաստանյան պատվիրակներ Ինգա եւ Անուշ Արշակյանները:

«Համերգային ծրագրի իսկական զարդը կդառնա «Նոտերդամ դե պարի» հանրահայտ մյուզիքլի կատարողներ Հելեն Սեգարան, ինչպես նաեւ Պատրիկ Ֆիորին»,- պատմեց «Տաշիր» ընկերության հասարակայնության հետ կապերի տնօրենը:

Հատուկ կայանալիք մրցանակաբաշխության համար տաջիկ կոմպոզիտոր Տոլիբխոն Շահիդին կներկայացնի իր նոր` Արամ Խաչատրյանի թեմատիկ ինտոնացիայի հիման վրա գրված «Ռապսոդիա-դիալոգ» ստեղծագործությունը ֆորտեպիանոյի եւ մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար, որը նվիրվում է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին:Համաշխարհային պրեմիերան կհնչի դաշնակահար Վազգեն Վարդանյանի եւ ՌԴ ժողովրդական արտիստ Սերգեյ Սկրիպկայի ղեկավարած Ռուսաստանի կինեմատոգրաֆիայի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ կատարմամբ:

Որպես մրցանակաբաշխության հաղորդավարներ այս տարի հանդես կգան Վիկտորիա Լոպիրյովան, Գարիկ Մարտիրոսյանը, Անդրեյ Մալախովը եւ Տատյանա Գեւորգյանը: «Տաշիր 2013»-ը ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի «Արմենիա» հեռուստաընկերությամբ:

Մրցանակաբաշխությունը կունենա «Լավագույն դուետ», «Լավագույն երգչուհի», «Լավագույ երգիչ», «Տարվա հայտնություն» եւ «Հայաստանի ընկեր» անվանակարգերը:

2006 թվականից սկսած «Տաշիր» մրցանակաբաշխությունը անցկացվում է մեծ մասշտաբով:Իր գոյության տարիներին այն ձեռք է բերել մեծ հաջողություն մոսկովյան հանդիսակաների շրջանում` ընդհանուր առմամբ հավաքելով ավելի քան 40 հազար հանդիսատեսի եւ 5 միլիոն հեռուստադիտողի:

«Տաշիր» հոլդինգը ստեղծվել է 1999 թվականին ռուսաստանաբնակ հայ գործարարՍամվել Կարապետյանի կողմից: Այն ներառում է ավելի քան 200 ընկերություններ,որոնք գործունեություն են ծավալում արտադրության, շինարարության, ֆինանսների, հասարակական սննդի, էներգետիկայի, առեւտրի ոլորտներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում