ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ի և Քուվեյթի Ազգային լրատվական գործակալության (ՔՈՒՆԱ) համագործակցությունը կարող է էապես օգնել երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնմանը: Այդ մասիննշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ընդունելովՀայաստան ժամանած` ՔՈՒՆԱ-ի նախագահ, գլխավոր կառավարիչ Շեյխ Մուբարաք Դուայիջ Ալ-Իբրաիմ Ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությանը:«Ուրախ ենք, որ մեր երկու երկրների ազգային գործակալությունների միջև ևս ամրապնդվում և խորացվում են կապերը: Մենք դրանում խիստ շահագրգռված ենք, մանավանդ, որ 95 տարվա պատմություն ունեցող «Արմենպրես»-ը մշտապես ստանում է պետության աջակցությունը: Համոզված եմ, որ լրատվական գործակալությունները կարող են էապես օգնել մեզ՝ երկկողմ հարաբերությունների ընդլայնման գործում, քանի որ լրատվական հոսքերի շնորհիվ կարող ենք ավելի ճիշտ պատկերացում կազմել տեղի ունեցող գործընթացների մասին, ինչպես նաև բացահայտել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նախագծերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ասաց ՀՀ կառավարության ղեկավարը:
Տիգրան Սարգսյանը շեշտեց, որ հայկական լրատվական «Արմենպրես» գործակալությունն ունի տարածաշրջանում առաջատարի դիրքերը զբաղեցնելու հավակնություն, և կարող է կամուրջ հանդիսանալ ՔՈՒՆԱ-ի համար՝ ԱՊՀ տարածքում գործունեություն ծավալելու ուղղությամբ:Վարչապետը նաև ողջունեց երկու գործակալությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը և հայտնեց ՀՀ կառավարության աջակցությունը դրա իրականացման գործում:
«Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը նշեց, որ 95-ամյա գործակալությունն այսօր էլ փորձում է իրականացնել նոր նախագծեր՝ չնայած լրատվական դաշտում առկա մարտահրավերներին, միաժամանակ շեշտեց, որ դրանցից ոչ թե պետք է վախենալ, այլ շարժվել դրանց համապատասխան:«Հույս ունենք, որ այս համագործակցությունը Հայաստանի համար կբացի ծոցի տարածաշրջանի երկրների «լրատվական դռները», որտեղ մեր գործընկեր գործակալությունը լուրջ և տեսանելի ներկայություն ունի: Մեր գործընկերությունը, բացի այն շրջանակից, որը կնախանշի հուշագիրը՝ լուրերի, փորձի փոխանակում և այլն, կարևոր խնդիր ևս կլուծի՝ խթանելով երկու երկրների ժողովուրդների փոխադարձ ճանաչողության, գործարար և մշակութային կապերի զարգացմանը»,-ասաց Անանյանը:
ՔՈՒՆԱ-ի նախագահ, գլխավոր կառավարիչ Շեյխ Մուբարաք Դուայիջ Ալ-Իբրաիմ Ալ-Սաբահին համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Քուվեյթի հարաբերություններն այսուհետ ևս առաջ կշարժվեն, կամրապնդվեն և կընդլայնվեն՝ նաև լրատվական ասպարեզի համագործակցության շնորհիվ: Մուբարաք Դուայիջ Ալ-Իբրաիմ Ալ-Սաբահին շնորհակալություն է հայտնել «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանին՝ հրավերի համար, և հույս հայտնել, որ այսուհետ ևս տեղի կունենան երկկողմ փոխայցելություններ՝ հետագա համագործակցության խորացման նպատակով:
Քուվեյթի Ազգային լրատվական գործակալության (ՔՈՒՆԱ) պատվիրակությունն ապրիլի 2-ին ժամանել է Հայաստան՝ «Արմենպրես» լրատվական գործակալության հետ հարաբերությունների հաստատման և 2 երկրների ազգային լրատվական գործակալությունների միջև համագործակցության փաստաթղթի ստորագրման նպատակով։