Հասարակական

«Արմավիան» կասեցնում է բոլոր չվերթները եւ սկսում է սնանկության գործընթաց

2 րոպեի ընթերցում

«Արմավիան» կասեցնում է բոլոր չվերթները եւ սկսում է սնանկության գործընթաց

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը որոշում է կայացրել 2013 թվականի ապրիլի 1-ից կասեցնել չվերթները եւ սկսել սնանկության գործընթաց: «Արմենպրես»-ին ավիաընկերությունից տեղեկացրին, որ վերջին երեք տարիների ընթացքում «Արմավիա» ավիաընկերության սեփականատերն ավիաընկերության զարգացման համար միջոցներ է ներդրել իրեն պատկանող այլ բիզնեսներից: Իրավիճակն այնպիսին էր, որ աշխատել նման կերպ այլեւս հնարավոր չէր, եւ հենց այդ պատճառով էլ որոշում է ընդունվել կասեցնել բոլոր չվերթները:«Արմավիա» ավիաընկերությունը շնորհակալություն է հայտնում իր ուղեւորներին, որոնց հետ աշխատել է 12 տարի:

ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը մարտի 28-ին հայտարարել էր, որ «Արմավիա» ավիաընկերությունը ներկայումչունի այնպիսի ֆինանսական հնարավորություններ, որ կարողանա ազգային ավիափոխադրողի պայմանագիրը երկարաձգել և պետության կողմից իր առջև դրված պարտականությունները կատարել: Պայմանագրի ժամկետը լրանում է ապրիլի 22-ին: Նա չէր բացառել, որ «Արմավիան» հայտարարություն կանի իր սնանկության մասին: Մինչ այժմ ազգային ավիափոխադրողի կարգավիճակ ստանալու համար որևէ ավիաընկերություն դեռ չի դիմել:

«Արմավիա» ավիաընկերությունը ստեղծվել է 1996 թվականին: 2001 թվականից չվերթներ է իրականացրել ունենալով ընդամենը մեկ օդանավ: 2007 թվականին օդանավերի քանակն արդեն հասել էր 14-ի: Գործունեության 2007- 2010 թվականներին ավիաընկերությունը երաշխավորել է իրեն որպես վստահելի գործընկեր, որը բարեխղճորեն եւ որակով կատարել է իր առջեւ դրված պարտականությունները:Արդեն մի քանի ամիս բանակցություններ էին ընթանում «Արմավիա»-ի վաճառքի շուրջ: Ընկերությունը հայտարարել է, որ բանակցությունները տարվում են իտալական եւ օտարերկրյա այլ կազմակերպությունների հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում