4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում «ամառային ժամանակին» չանցնելը արդարացված է համարվում: Բնակչությունն այլեւս ստիպված չէ մարտի վերջին կիրակի օրը ժամացույցի սլաքը մեկ ժամ առաջ տանել:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը, Հայաստանի Հանրապետության տարածքն ամբողջովին գտնվում է միջազգային երրորդ ժամային գոտում եւ մարտի վերջի կիրակի օրը «ամառային ժամանակին» անցնելու հետեւանքով Հայաստանի ժամանակն իր աշխարհագրական ժամային գոտուց (երրորդ) շեղվում է 2 ժամով առաջ, որը խիստ աննպատակահարմար է: Դեռ մեկ տարի առաջ կառավարությունն առաջարկել, Ազգային ժողովը հաստատել է ՀՀ-ում ժամանակի հաշվարկի համար որպես հիմք միջազգային ժամագոտիների համակարգի չորրորդ ժամային գոտին՝ միաժամանակ դադարեցնելով մարտի վերջին կիրակի օրվանից մինչեւ հոկտեմբերի վերջին կիրակի օրը «ամառային ժամանակին» անցնելու գործընթացը: «Մենք այս փոփոխության միջով անցանք ոչ ցնցումային ձեւով եւ փոփոխությունն արդարացված ենք համարում»,- ասաց Գառնիկ Բադալյանը` հավելելով, որ հարցի առնչությամբ բողոքներ չեն նկատել հասարակության լայն շրջանակներում:
Այն, որ խնդրի առնչությամբ Ռուսաստանում ակնհայտ բարդություն կա, արձանագրում է Էկոնոմիկայի նախարարի տեղակալը եւ ընդգծում, որ «ժամային գոտի փոխելը խաղ չէ»: «Եթե հետագայում հարցի առնչությամբ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն լինի, դա կարող է լինել միայն լուրջ մասնագիտական քննարկումների արդյունքում: Որոշումը պետք է լինի միմիայն երկրի նպատակահարմարության արդյունքում: Այնպես չէ, որ մի երկիր որոշի փոխել, մենք էլ կկրկնենք»,- ասաց նա:
Հայաստանն իր աշխարհագրական դիրքով գտնվում է GMT+3 ժամային գոտում, սակայն 1930-ական թվականներից խորհրդային մյուս երկրների հետ ստիպված է եղել փոխել ժամային հաշվարկման կարգը` հայտնվելով GMT+4 ժամային գոտում: Ավելին, ամառային շրջանում Հայաստանը հայտնվում էր GMT+5 ժամային գոտում` այսինքն իր աշխարհագրական ժամային գոտուց շեղվում է երկու ժամով:
Առողջապահության բնագավառի մասնագետները նշում են, որ գարունն ու աշունն օրգանիզմի համար առավել սթրեսային եղանակներ են, մարդը սկսում է հարմարվել եղանակային փոփոխություններին, մինչդեռ ժամային փոփոխությունները դրան գումարվող եւս մեկ արհեստական խնդիր են առաջացնում: Այդ կապակցությամբ ժամերի փոփոխությունից վերջնականապես հրաժարվել են ավելի քան 80 երկրներ:
Ամառային-ձմեռային ժամանակին անցումից հրաժարվել են նաեւ Ռուսաստանն ու Վրաստանը: Ժամային փոփոխությունը շարունակվում է իրականացվել Ուկրաինայում, Իսպանիայում, Իսրայելում, այլ երկրներում:
Ազգային ժողովը 2012 թ-ին երկրորդ եւ վերջին ընթերցմամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքում առաջարկվող ուղղումների փաթեթր, որի համաձայն Հայաստանն այսուհետ չի անցնի ամառային ժամանակի: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանը ողջ տարվա ընթացքում կլինի մեկ ժամային գոտում՝ GMT+4: