«Բարև Երևան» դաշինքը կեղծ ընդդիմադիր խաղին չի միանա. Արմեն Մարտիրոսյան
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարև Երևան» դաշինքը կեղծ ընդդիմադիր խաղալու գործին չի նպաստելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մարտի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը` պատասխանելով այն հարցին, արդյոք կմիանան ՀԱԿ-ի ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանի` ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար միասնական շտաբ ձևավորելու նախաձեռնությանը:
«Ոչինչ չեմ կարող բացառել, սակայն մենք իրական, ճշմարիտ քայլերի կողմնակից ենք լինելու: Մենք որևէ մեկի իմիտացիոն գործընթացին, կեղծ ընդդիմադիր խաղալու գործին չենք նպաստելու»,- ասաց Մարտիրոսյանը:
Խոսելով «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրած առաջարկներից` Մարտիրոսյանն ասաց, որ այդ առաջարկները փոփոխման ենթակա չեն:«Մենք մեր առաջարկներն արդեն ներկայացրել ենք, որոնք փոփոխման ենթակա չեն, և եթե որևէ առաջարկ փոփոխի, ապա պետք է համարժեք առաջարկ արվի: Ազատության հրապարակը խորհրդանշական հրապարակ է, ուստի քննարկումների համար սա ամենահարմար վայրն է: Սա, սակայն, վերջնագիր չէ, և հանդիպման վայրերն այս հրապարակում բազմաթիվ են»,- ասաց Մարտիրոսյանը:
Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմադիր դաշտի` միասնական ճակատ կազմելու հարցին, որն այդպես էլ չձևավորվեց, Մարտիրոսյանն ասաց, որ դեմ է եղել միասնական ցուցակի` Վարդան Օսկանյանի գլխավորելուն:
«Դեմ եմ եղել նաև այն բանին, որ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենց առանցքի շուրջ պետք է լինի միավորումը, սակայն այդ առաջարկը մեզ համար անընդունելի է, քանի որ մենք ուրիշի առանցքի շուրջը պտտվելու խնդիր չունենք: Մենք մեր դաշինքով փորձելու ենք ամրագրել այն, ինչ հնարավոր էր նախագահական ընտրություններին»,- ասաց Մարտիրոսյանը:
Նա նաև հայտնեց, որ առաջարկ էին արել նաև ՀՅԴ-ին, որպեսզի միասնական ցուցակը գլխավորի ՀՅԴ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը:«Ցանկացած պարագայում «Ժառանգությունը» փոխզիջող է եղել, մենք նույնիսկ առաջարկել ենք, որ ցուցակը գլխավորի Լիլիթ Գալստյանը, ով եղել է ճշմարիտ, ազնիվ պայքարող, որ անցյալում իր ուսերին անցանկալի բեռ չի ունեցել, և պատրաստ էինք նրան տեսնել միասնական ցուցակի առաջատար»,- ասաց Մարտիրոսյանը` շեշտելով, որ դա չստացվեց, սակայն համագործակցության դաշտը փակված չէ:
«Ժառանգության» փոխնախագահը նաև հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի և Ժիրայր Սեֆիլյանի հետ ունեցել են սկայպի միջոցով հանդիպում Լոս Անջելեսի հայրենակիցների հետ, նման հանդիպում կունենան նաև վաղը` Գերմանիայի հայրենակիցների հետ:
Երեւանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 5-ին, որտեղ քաղաքական ուժերը կպայքարեն Երեւանի ավագանու 65 տեղի համար: Ընտրություններում կգործեն 464ընտրական տեղամասեր: Նախագահական ընտրությունների համեմատ, որի ժամանակ Երևանի ընտրատեղամասերի թիվը 469-ն էր, հիմա թիվը փոքրացել է՝ պայմանավորված նրանով, որ ընտրատեղամաս չի բացվելու երեք քրեակատարողական հիմնարկում և Քանաքեռ-Զեյթուն և Նուբարաշեն համայնքներում: Համաձայն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի` ընտրական ցուցակները կգրանցվեն մինչև մարտի 31-ը: Քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 7-ին: