Կարծիքներ

Հայաստանը կարող է դիտարկել Եվրասիական միության անդամագրումը ԵՄ հետ հարաբերությունների խորացմանը զուգընթաց. քաղաքագետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանը կարող է դիտարկել Եվրասիական միության անդամագրումը ԵՄ հետ հարաբերությունների խորացմանը զուգընթաց. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կարող է դիտարկել Եվրասիական միությանը հնարավոր անդամագրումը՝ միաժամանակ պահպանելով եւ խորացնելով հարաբերությունները Եվրամիության հետ: Մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը: Նա նշեց, որ Ռուսաստանը Հայաստանի երկար տարիների ռազմավարական դաշնակիցն է, եւ Հայաստանը չի կարող մատների արանքով նայել Ռուսաստանի այդ նախաձեռնությանը: «Ի վերջո, ցանկացած ինտեգրում միայն կնպաստի մեր երկրի զարգացմանը բոլոր առումներով»,- ասաց նա՝ շեշտելով, որ Հայաստանը միաժամանակ պետք է ձգտի խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ:

Քաղաքագետը նշեց, որ տարածաշրջանում Ռուսաստանի համար միակ բարեկամ երկիրը Հայաստանն է, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը շահագրգռված է մեր երկրի հետ հարաբերություններն ավելի խորացնելու հարցում: «Մենք էլ մեր հերթին պետք է ուրախ լինենք, որ նման գերտերությունը որոշակի պարտավորությունններ է ստանձնել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ միաժամանակ հօգուտ մեր շահերի օգտագործելով նրա հետ մեր բարեկամությունը»,- ասաց Շիրինյանը:

Նա նշեց, որ Հայաստանը վերջին շրջանում բավականին համակարգված արտաքին քաղաքականություն է վարել՝ պահպանելով բարիդրացիական հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ միաժամանակ զգալիորեն խորացնելով հարաբերությունները Եվրամիության հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում