Կարծիքներ

Վոլինկինի նշանակումով Հայաստանը կարող է ներգրավվել ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գործում. քաղաքագետ

2 րոպեի ընթերցում

Վոլինկինի նշանակումով Հայաստանը կարող է  ներգրավվել ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գործում. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նոր դեսպան Իվան Վոլինկինի նշանակումով Հայաստանը կարող է ակտիվորեն ներգրավվել ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Մարտի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Քաղաքագետը նշեց, որ վրաց-ռուսական եւ վրաց-աբխազական մի շարք բանակցություններ նախկինում տեղի են ունեցել Հայաստանի տարածքում: Նրա խոսքով՝ Վոլինկինը Վրաստանի հետ աշխատելու բավական լայն եւ խորը փորձ ունի: «Հայաստանը մի կողմ է, որին հավասար աստիճաններով վստահում են եւ ռուսական կողմը, եւ վրացական: Եվ այդ առումով Հայաստանը իսկապես այս պահին բացառիկ նշանակություն է փորձում ձեռք բերել տարածաշրջանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մինասյանը: Նոր դեսպանի նշանակումը դրական կանդրադառնա Ռուսաստանի եւ Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունների վրա: Քաղաքագետը նշեց, որ հայ- ռուսական միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա:

Նրա գնահատմամբ` ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն ՌԴ ամենաարհեստավարժ դիվանագետներից մեկն էր, ով 2009 թվականին նշանակվել էր Հայաստանում՝ Վրաստանում ՌԴ վերջին դեսպանը լինելով: «Պարոն Կովալենկոն ուներ բավական իրատեսական եւ չափազանց խորը հասկացողություն նաեւ ղարաբաղյան կոնֆլիկտի մասին»,- ասաց Մինասյանը՝ կարեւորելով Կովալենկոյի դերակատարությունը 2010 թվականին Հայաստանում ռուսական ռազմակայանի գործունեությանը վերաբերող փաստաթղթի ստորագրման հարցում:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 22-ին Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակել Իվան Վոլինկինին: Վոլինկինն ավելի վաղ զբաղեցրել է ՌԴ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարության ղեկավարի տեղակալի պաշտոնը: Նոր պաշտոնում Վոլինկինը կփոխարինի Վյաչեսլավ Կովալենկոյին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում