ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ջազը եւ Գյումրին» նախագծի շրջանակում ապրիլի 1-ից կսկսի տպագրվել «Ջազ ինֆո» ամսաթերթ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ամսաթերթի գլխավոր խմբագիր Լիլիթ Մակարյանը նշեց, որ պարբերականի հրատարակման եւ ստեծղման գաղափարը «Ջազը եւ Գյումրին» նախագծի տրամաբանական շարունակությունն էր:
«Նախորդ տարվա նոյեմբերին սկիզբ առած նախագծի երկու համերգները ցույց տվեցին, որ առկա էր ջազային նմաննախագծի անհրաժեշտությունը»,- ասաց Մակարյանը: Նրա խոսքով`տեղեկատվական-մշակութային պարբերականի նպատակն է հասարակության առավել լայն շերտերին տեղեկացնել եւ ծանոթացնել ինչպես ջազ երաժշտության, այնպես էլ` «հայկական» ջազի յուրահատկություններին, պատմությանը, ժամանակակից դեմքերին, միջոցառումներին և հիմնախնդիրներին: Նրա գնահատմամբ` ամսաթերթի ստեղծումը չի հետապնդում որեւէ կոմերցիոն դրդապատճառներ, այլ փոխարենը միտված է պրոպագանդելու ջազը Գյումրիում, ինչի պահանջարկը կա:
«Համերգների դեպքում էլ կար մտավախություն, որ դահլիճը լեփ լեցուն չի լինի, սակայն կար հանդիսատես, որ ներկա էր երկու համերգներին: Սա խոսում է այն մասին, որ ջազը ունի իր ունկնդիրը Գյումրիում»,- փաստեց գլխավոր խմբագիրը` ավելացնելով, որ ամսաթերթի ստեղծման նախաձեռնության շուրջ համախմբվել են մի խումբ շահագրգիռ մարդիկ, ովքեր խանդավառված են դրա իրականացմամբ:
Ջազը խորհրդային տարիներին մեծ տարածում վայելող երաժշտական ժանրերից մեկն էր եւ այս առումով ջազի մասին պատմող թերթի հրատարակումը 2013 թ. ԱՊՀմշակութային մայրաքաղաքհռչակված Գյումրիի համար պատահական չէ:Մակարյանի հավաստմամբ` գյումրեցիների ջազի հետ ունեցած անբաժանալի կապի մասին է վկայում նաեւ աշխարհահռչակ ջազային երաժիշտ Տիգրան Համասյանի օրինակը:
Նախնական տարբերակում երկու էջ եւ 200 օրինակ տպաքանակ ունեցող «Ջազ ինֆո» ամասաթերթը չի վաճառվի կրպակներում, այլ անվճար կտրամադրվի գյումրեցիներին:
«Ջազը եւ Գյումրին» նախագծի շրջանակում ապրիլի 20-ին Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում տեղի կունենա ջազմեն Լեւոն Մալխասյանի ղեկավարած «Մալխաս» ջազ բենդի համերգը:
«Ջազը եւ Գյումրին» նախագծի նպատակն է Գյումրիում երաժշտասերներին ներկայացնել հայ եւ արեւմտյան ջազ երաժիշտների արվեստը: Նախագիծն իրականացնում են «Մանուկյան պրոդաքշն»-ը եւ Գյումրու ջազ ակումբը:
«Արմենպրես»լրատվական գործակալությունը «Ջազը եւ Գյումրին» նախագծի ինֆորմացիոն հովանավորների թվում է: