Շոու բիզնես

«Դորիանս»-ի Lonley planet երգի տեսահոլովակի` Youtube-ից հանելու պատճառն ադրբեջանական հարձակումները չեն

3 րոպեի ընթերցում

«Դորիանս»-ի Lonley planet երգի տեսահոլովակի` Youtube-ից հանելու պատճառն ադրբեջանական հարձակումները չեն

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» ռոք խմբի Lonley planet երգը մարտի 18-ին տեղադրվելով մրցույթի Youtube-ի պաշտոնական էջում երկու անգամ հեռացվել է (2013 Eurovision Song Contest Official Vide) այնտեղից: Մարտի 21-ին այն երրորդ անգամ է տեղադրվել համացանցում: Մամուլում ակտիվորեն սկսեցին շրջանառվել լուրեր, որ տեսահոլովակը հեռացվել է ադրբեջանական հակերների հարձակումների պատճառով, մինչդեռ«Արմենպրես»-ի հետ զրույցում «Դորիանս» խմբի մամուլի քարտուղար Դինա Հովհաննիսյանը նշեց, որ տեսահոլովակի հեռացման երկու պատճառներն էլ տեխնիկական են եղել:

«Ադրբեջանական հակերների կողմից հարձակումներ միշտ էլ լինում են, եւ տեսահոլովակի հեռացման առաջին պատճառն այն էր, որ որպես Հայաստանի մասնակցի` նշված էր ոչ թե «Դորիանս»-ի, այլ Գոռ Սուջյանի անունը»,- պարզաբանեց Հովհաննիսյանը: Նրա խոսքով` երկրորդ անգամ Lonley planet երգի տեսահոլովակը հեռացվել է մրցույթի Youtube-ի պաշտոնական էջից այն պատճառով, որ խմբի բասս կիթառահար Էդգար Սահակյանի շապիկի վրա տեսահոլովակի 27-րդ վայրկյանում «break» բառում առկա է եղել վրիպակ:

«Տեսահոլովակում կատարվել են մոնտաժային աշխատանքներ եւ վրիպակի շտկումից հետո այն տեղադրվել է մրցույթի Youtube-ի պաշտոնական կայքում մարտի 20-ի գիշերը»,-ասաց խմբի մամուլի քարտուղարը: Մարտի 21-ին տեսահոլովակն արդեն ունի 4184 դիտում:

«Դորիանս» խմբի տղաները ակտիվորեն շարունակում են իրենց փորձերը, ինչպես նաեւ պատրաստվում են ապրիլի 6-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք երգչուհի Սիրուշոյի հետ համատեղ «Միասին մեկ բեմում» համերգային ծրագրին:Lonley planet երգի տեսահոլովակի հեղինակը նաեւ խոսքերի համահեղինակ Վարդան Զադոյանն է: Երգի երաժշտությունը գրել է Black Sabbath անգլիական ռոք խմբի կիթառահար Թոնի Այոմին եւ համահեղինակել է «Դորիասն» խումբը:

«Եվրատեսիլ 2013»-ը տեղի կունենա մայիսի 14-18-ը Շվեդիայի Մալմյո քաղաքում: «Մենք մեկ ենք» կարգախոսի ներքո անցկացվող մրցույթին այս տարի կմասնակցի 39 երկիր: Հայաստանը կներկայանա 2-րդ կիսաեզրափակչում մայիսի 16-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում