Կարծիքներ

Փորձագետները վրաց-ադրբեջանական հակասությունների խորացում են կանխատեսում

3 րոպեի ընթերցում

Փորձագետները վրաց-ադրբեջանական հակասությունների խորացում են կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաց-ադրբեջանական հակասությունները մոտ ապագայում ավելի կխորանան: Մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը: «Եթե հաշվի առնենք այն փաստը, որ Բիձինա Իվանիշվիլին գնալով ավելի է ամրապնդում իր դիրքերը Վրաստանում, եւ բոլորս գիտենք, թե նա ինչ դիրքորոշում ունի, պարզ է դառնում, որ վրաց-ադրբեջանական հակասությունները կխորանան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ասատրյանը: Ադրբեջանագետը նշեց, որ Ադրբեջանում խանդով են վերաբերվում հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը՝ մասնավորապես Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի վերջերս Հայաստան կատարած այցին: Ասատրյանը չափազանցված համարեց Վրաստանում վերաբնակեցվելիք ույգուրների հետ կապված վտանգը:«Թյուրքական ժողովուրդներին հնարավոր չէ համախմբել միայն լեզվական ընդհանրության հաշվին»,- ասաց Ասատրյանը:

Վրացագետ Ալիկ Էրոյանցը վրաց-ադրբեջանական մի քանի հակասություններ առանձնացրեց, որոնց վրա երկու երկրների ղեկավարները փորձում էին աչք փակել: Էրոյանցը նշեց սահմանային հարցը: «Վրաց-ադրբեջանական ընդհանուր սահմանի մոտ 35 տոկոսի շուրջ երկու երկրները համաձայնության չեն եկել»,- ասաց Էրոյանցը: Նա ավելացրեց նաեւ վրաստանաբնակ ադրբեջանցիների եւ ադրբեջանաբնակ վրացիների խնդիրները, ովքեր Ադրբեջանում ճնշումների են ենթարկվում:«Ցանկացած առիթի դեպքում, երբ առաջանում է նոր հակասություն, կամ որեւէ քաղաքական գործիչ ինչ-որ հայտարարություն է անում ոչ ի նպաստ երկու կողմերի, այս խնդիրները ջրի երես են դուրս գալիս՝ ավելի ուժեղացնելով լարվածությունը»,- ասաց Էրոյանցը: Վրացագետը նշեց, որ արտաքին քաղաքականության ոլորտում Իվանիշվիլիի կառավարության փոփոխությունները դժգոհություններ են հարուցել Ադրբեջանում:Էրոյանցը աբխազական երկաթգծի վերաբացման հավանականությունը բարձր գնահատեց: Վրացագետը տարածաշրջանի բոլոր երկրների համար բացասական եւ վտանագավոր դիտարկեցթուրք-ադրբեջանական գործոնի ուժեղացումը:

Վերջին շրջանում վրաց-ադրբեջանական հարաբերություններում նկատվում է լարվածության ուժեղացում՝ վրաց-հայկական հարաբերությունների զարգացման, Վրաստանի արտաքին քաղաքականության ոլորտում Իվանիշվիլիի կառավարության փոփոխությունների եւ տարածաշրջանային այլ խնդիրների հետ կապված:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում