«Հետահայաց». Բացահայտում Խուլիո Իգլեսիասի եւ Հայաստանի միջեւ դեռեւս 1990թ. կապի մասին

7 րոպեի ընթերցում

Լուրերի պատմության եւ պատմական լուրերի մասին «Արմենպրես»-ի «Հետահայաց» հատուկ նախագծի այսօրվա անդրադարձը նվիրված է աշխարհահռչակ իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասի եւ Հայաստանի միջեւ առկա վաղեմի կապին: Ընթացիկ տարվա հունվարին հայկական մամուլը միաբերան գրեց` «Առաջին անգամ Հայաստան կժամանի եւ համերգ կտա Խուլիո Իգլեսիասը: Այստեղ համերգ տալու ցանկություն հայտնել է հենց Խուլիո Իգլեսիասը, քանի որ նրա հայ ընկերները պատմել են, որ Հայաստնում երգիչը շատ սիրված է»: Այնուամենայնիվ, քչերն են այժմ հիշում մի բան, որն արձանագրել էր «Արմենպրես»-ը դեռեւս 1990 թվականին:

Խուլիո Իգլեսիասը Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի երգիչն արդեն երեք օր է, ինչ Հայաստանում է եւ պատրաստվում է այսօր կայանալիք համերգին: Նա արդեն հանդիպել է լրագրողների հետ եւ պատմել, որ շատ է սիրում Հայաստանը: Նա հասցրել է նկատել, թե ինչ ջերմ մարդիկ են հայերը ջերմության մասին փաստում են իր հազարավոր հայ ընկերները: Այնուամենայնիվ, դեռեւս ստվերում է մնացել մի կարեւոր հանգամանք` 1990 թվականին Հայաստանի աղետյալ Ստեփանավան քաղաքի վերականգնմանը նպաստելու համար աշխարհահռչակ երգիչ Խուլիո Իգլեսիասը համերգ է տվել Մասաչուսեթս Նահանգի Ուսդր քաղաքում` տեղի սբ Փրկիչ հայկական եկեղեցու նախաձեռնությամբ: Ուղիղ 23 տարի առաջ կայացած համերգին մասնակցել է ութ հազար հանդիսատես եւ այդ համերգից գոյացած 42 հազար դոլար հասույթը ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդության միջոցով տրամադրվել է Ստեփանավանի վերականգնման ֆոնդին: Տարերային աղետից հետո սբ Փրկիչ եկեղեցին իր հերթին մեկ միլիոն դոլարի նվիրատվություն էր խոստացել հայրենիքին:

Իրականում շատ էինք կասկածում, թե նախաձեռնությունը կկարողանայինք հաջողել, այնուամենայնիվ, Աստված երեսներիս նայեց. Տեր Ավետ

Շատերն արդեն չեն հիշում տեղի ունեցած այդ համերգի, ինչպես նաեւ Իգլեսիասի` Ստեփանավանի վերականգնմանն ուղղված օժանդակության մասին, գուցե անգամ երգիչն է մոռացել այդ հանգամանքը, քանի որ բոլորին է հայտնի, թե ինչ խիտ համերգային գրաֆիկով է աշխարհին ներկայանում նա: Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց զրուցել համերգի կազմակերպիչներից, ականատեսներից մեկի հետ, ով առ այսօր հուզմունքով է հիշում համերգի նախաձեռնության, կազմակերպման բոլոր մանրամասները: «Արմենպրես»-ի հետ զրույցում սբ Փրկիչ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Ավետ Թերզյանը պատմեց, որ այդ համերգի ընթացքում, բացի Խուլիո Իգլեսիասից, ելույթ են ունեցել նաեւ այլ արվեստագետներ` շուրջ տասը մարդ: Եվ արդյունքում, համերգի ողջ ծախսերը հոգալուց հետո իրենք կարողացել են հավաքագրել շուրջ 42 հազար դոլար եւ հատկացնել Ստեփանավանի վերականգնմանը: «Իրականում շատ էինք կասկածում, թե նախաձեռնությունը կկարողանայինք հաջողել, այնուամենայնիվ, Աստված երեսներիս նայեց, եւ մենք կարողացանք մեր նպատակն իրականություն դարձնել»,-ասաց Տեր Ավետը` ընդգծելով, որ միայն Աստված գիտի, թե ինչպես հնարավոր եղավ նպատակին հասնել:

Այնուամենայնիվ, իրենք համերգով չբավարարվեցին: Տեր Ավետի տեղեկացմամբ` իրենց երազանքն էր մեկ միլիոն դոլարի նվիրատվություն կատարել հայրենիքին: «1,5 տարվա ընթացքում մենք կարողացանք հավաքագրել 850 հազար դոլար, ինչպես նաեւ հագուստեղեն, դեղորայք, վիրահատությունների համար նախատեսված սարքավորումներ, առաջին անհրաժեշտության իրեր (ընդհանուր առմամբ` 250 հազար դոլար արժողությամբ)»,- ներկայացրեց հոգեւոր հովիվը: Նա ուրախությամբ է այժմ հիշում, որ դժվարության պահին իրենք կարողացել են օգնել Հայաստանին, հայ ժողովրդին սատարել, այնուամենայնիվ, ունեցած մի երազանքը դեռեւս անկատար է մնում: «Մենք այդ տարիներին օգնությունը տրամադրելուց հետո ցանկանում էինք, որ Ստեփանավանում մի փոքրիկ հիշատակարան լինի Ուսդր քաղաքի մասին, դժբախտաբար, դա մոռացվել է»,- ցավով արձանագրեց նա:

Իգլեսիասը Հայաստանում է ոչ թե որպես սովորական այցելու, այլ որպես հարազատ ընկեր

Իսպանացի երգիչը լրագրողների հետ հանդիպմանն ընդգծել է, որ Հայաստան է այցելել ոչ թե որպես սովորական անհատ, այլ որպես հարազատ ընկեր եւ հավելել, որ ինքը երբեւիցե չի երգում այնպիսի վայրում, որն իրեն դուր չի գալիս: «Թեեւ սա իմ առաջին այցն է Հայաստան, բայց այս այցը չէ, որ պետք է ինձ ստիպի ճանաչել Հայաստանը: Արդեն շուրջ 2000 տարի է, որ իմ հոգու երկիրը` Իսպանիան, մեծ կապ ունի Հայաստանի հետ: Մեր լեզուները մեծ նմանություն ունեն»,-նշել էր երգիչը: Վերջին 45 տարների ընթացքում ինքը ճանաչել է հազարավոր հայերի, ովքեր իրենց մշակույթն են փոխանցում ամբողջ աշխարհում: «Ես մեծ սիրով եմ պատրաստվում երգել այստեղ: Սա է պատճառը, որ այսօր Երեւանում եմ: Ինձ երկար տարիներ չի մնացել ապրելու եւ երջանիկ եմ, որ գտնվում եմ այստեղ` ճանաչելու հայ ընկերներիս երկիրը»,- ասել է նա: Երգիչը նաեւ կիսվել է իր առաջին զգացողություններով, որոնք ունեցել է, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել Հայաստանում: «Ես միանգամից հասկացա, որ հաճելի մարդիկ են հայերը: Երբ ինձ Մոսկվայից ճանապարհեցին, ասացին, որ գնում եմ մի տաք երկիր, բայց ոչ այն պատճառով, որ այնտեղ ավելի լավ եղանակ է, այլ այնտեղ ժողովուրդն ավելի մեծ ջերմությամբ կընդունի»,- պատմել է երգիչը:

Իգլեսիասը համերգին հայերեն երգ կկատարի

Երգիչը մի առանձնահատկություն ունի: Այցելելով որեւէ երկիր, նա նախընտրնում է մի երգ կամ երգից հատված կատարել տվյալ լեզվով: Հայաստանը եւս բացառություն չի լինի: Իր ճանաչում գտած եւ հայերիս կողմից սիրված երգերի շարքում կլինի նաեւ հայ կոմպոզիտորի երգ, որը շատ սիրված է հայ ժողովրդի կողմից: Իսկ թե որն է այդ երգը, դեռեւս գաղտնի է պահվում: 70-ամյա իսպանացի աշխարհահռչակ երգչի հայաստանյան համերգը կկայանա մարտի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգի կազմակերպիչներն են ամերիկյան Global art եւ հայկական «Ինվիտրո փրոդաքշն» ընկերությունները: Երգչի համաշխարհային համերգաշարի մեկնարկը տրվել է փետրվարի 24-ից` Գվատեմալայից, այնուհետեւ` ՌԴ, Ուկրաինա, Արաբական Միացյալ էմիրություններ, Ֆիլիպիններ, Կորեա, Չինաստան, Սինգապուր, Թայվան, Իսպանիա: Խուլիո Իգլեսիասն ամենահայտնի իսպանալեզու կատարողն է, ով վաճառել է ավելի քան 300 մլն ձայնասկավառակ: Իր ստեղծագործական ողջ կարիերայի ընթացքում երգիչը ձայնագրել է ավելի քան 50 ալբոմ, որոնցից վերջինը թողարկվել է 2011 թվականին:

Հնի եւ նորի միջեւ կապը գտավ Արուսիկ Զախարյանը

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում