ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» ռոք խմբի Lonley planet երգի վերջնական տարբերակը պատրաստ է: Այն կներկայացվի Եվրոպական հեռարձակողների միություն մարտի 18-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում` Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Եվրատեսիլ» նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանը նշեց, որ մարտի 18-ին ինքը մեկնելու է Շվեդիա մասնակցելու մրցույթի պատվիրակությունների ղեկավարների հանդիպմանը:«Մարտի 18-ին ներկայացվելու են բոլոր մասնակից երկրների երգերի պաշտոնական տարբերակները»,- ասաց Գասպարյանը: Նրա խոսքով`պատվիրակությունների ղեկավարների հանդիպմանը քննարկվելու են մրցույթի անցկացման հետ կապված բոլոր մանրամասները, ներկայացվելու է օրակարգը:
Մինչ մարտի 18-ը մասնակից երկրները կարող էին իրականացնել երգի վերջնական ձայնագրումը եւ համաձայն մրցույթի կանոնադրության` հեղինակները կարող են փոփոխել երգը` ցանկության դեպքում նորովի գործիքավորելով այն:Առաջիկա շաբաթվա ընթացքում «Եվրատեսիլ 2013»-ի մասնակիցների երգերի պաշտոնական տարբերակները հասանելի կլինեն նաեւ համացանցում:
«Եվրատեսիլ 2013»-ում Lonely planet Հայաստանի երգը հեղինակել է Black Sabbath անգլիական ռոք խմբի կիթառահար Թոնի Այոմին: Երգի խոսքերի համահեղինակն է Վարդան Զադոյանը: Մարտի 11-ին բրիտանական Birmingham Mail-ին տված հարցազրույցում` Այոմին նշել էր, որ Lonely planet երգից իր սպասումները բավականին մեծ են:«Ես գտա Lonley Planet-ը, այն շատ հզոր բալլադ է: Ես զարմացած էի, որ այն հայտնվեց հայաստանյան եզրափակչի կարճ ցանկում եւ Հայաստանի ժողովուրդը քվեարկեց դրա օգտին: Եվ ով գիտե, գուցե այն հաղթի»,- նշել էր կիթառահարը:
«Եվրատեսիլ 2013»-ը տեղի կունենա մայիսի 14-18-ը Շվեդիայի Մալմյո քաղաքում:«Մենք մեկ ենք» կարգախոսի ներքո անցկացվող մրցույթին այս տարի կմասնակցի 39 երկիր: Հայաստանը կներկայանա2-րդկիսաեզրափակչում մայիսի 16-ին: