ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասն իր հայաստանյան համերգի երգացանկն արդեն հայտնի է. կհնչեն Իգլեսիասի բոլոր ամենահայտնի եւ սիրված կատարումները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին համերգի կազմակերպիչները, Իգլեսիասի արվեստի երկրպագուները համերգի ընթացքում երգչի կատարմամբ հնարավորություն կունենան ունկնդրելու «Intro», «Amor Amor», «La gota fria», «Natalie», «Galicia», «A media luz», «Echame a mi la culpa», «My sweet lord», «Mammy blue», «Me siento de aqui», «Carusso», «Ne me quites pas», «Careless whisper», «Cumparista», «All of you», «Always on my mind», «I want to know», «Let it be me» եւ այլ սիրված երգեր:
«Բացի դրանից, հնարավոր է` նա կատարի հայերեն երգ կամ երգից հատված, քանի որ յուրաքանաչյուր երկիր գնալիս հանրաճանաչ երգիչը սիրում է կատարել տվյալ երկրի լեզվով երգ: Դա էլ կլինի երգչի անակնկալը»,- վստահեցնում են կազմակերպիչները:
Խուլիս Իգլեսիասը Հայաստան կժամանի մեծ «շքախմբով»` իր սեփական ինքնաթիռով: Երգչին կուղեկցեն երաժիշտներ, բեք-վոկալային երգիչներ, պարողներ. ընդհանուր հաշվով 30-35 հոգի: Հայաստանում համերգ տալու ցանկությունը Իգլեսիասինն է, քանի որ նրա հայ ընկերները պատմել են, որ Հայաստանում երգիչը շատ սիրված է: Այնուամենայնիվ մինչեւ համերգը կազմակերպելը ուսումնասիրվել է հասարակության պահանջարկը:
Համերգի տոմսերի գները տատանվում են 5 հազարից մինչեւ 80 հազար դրամ: Թեեւ դեռ համերգի բոլոր տոմսերը վաճառված չեն, այնուամենայնիվ, քիչ քանակությամբ են մնացել: Կազմակերպիչներն էլ Կանանց մեկամսյակի կապակցությամբ որոշել են յուրահատուկ նվեր մատուցել. տոմսերը վաճառվում են 20% զեղչով:
70-ամյա իսպանացի աշխարհահռչակ երգչի հայաստանյան համերգը կկայանա մարտի 18-ին` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգի կազմակերպիչներն են ամերիկյան Global art եւ հայկական «Ինվիտրո փրոդաքշն» ընկերությունները: Երգչի համաշխարհային համերգաշարի մեկնարկը տրվել է փետրվարի 24-ից` Գվատեմալայից, այնուհետեւ` ՌԴ, Ուկրաինա, Արաբական Միացյալ էմիրություններ, Ֆիլիպիններ, Կորեա, Չինաստան, Սինգապուր, Թայվան, Իսպանիա: Խուլիո Իգլեսիասն ամենհայտնի իսպանալեզու կատարողն է, ով վաճառել է ավելի քան 300 մլն ձայնասկավառակ:
Իր ստեղծագործական ողջ կարիերայի ընթացքում երգիչը ձայնագրել է ավելի քան 50 ալբոմ, որոնցից վերջինը թողարկվել է 2011 թվականին: Նա նաեւ եղել է «Ռեալ Մադրիդ» ակումբում դարպասապահ, սակայն 20 տարեկան հասակում ավտովթարի հետևանքով 3 տարի շարունակ պարալիզացված վիճակում պառկած է եղել հիվանդանոցում (միայն ձեռքերն էին շարժվում): Բժիշկը Խուլիոյին թույլատրում է կիթառ նվագել: Հիվանդանոցում էլ հենց ծնվել են առաջին երգերը: