Շոու բիզնես

The Beautified Project հայկական ռոք խումբը երկար ընդմիջումից հետո համերգ կտա Երեւանում

2 րոպեի ընթերցում

The Beautified Project հայկական ռոք խումբը երկար ընդմիջումից հետո համերգ կտա Երեւանում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական The Beautified Project ռոք խմբի համերգըԵրեւանի Հովհ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնումտեղի կունենա մարտի 21-ին:«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում խմբի հիմնադիր անդամ Անդրե Սիմոնյանը նշեց, որ կայանալիք համերգը իսկապես սպասված է, քանի որ խումբը շուրջ 10 ամիս համերգներ չի ունեցել Հայաստանում:

«Մենք մեկնել էինք ԱՄՆ, որտեղ ունեցանք տեսահոլովակների շնորհանդեսներ: համերգներով հանդես եկանք նաեւ Մեծ Բրիտանիայում»,- ասաց Սիմոնյանը:

Խումբը մեկ անգամ չէ, որ հյուրախաղերով հանդես է եկել Միացյալ Թագավորությունում. բացի անգլիացի հանդիսատեսի համար կայացած համերգներից, խումբը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համերգովհանդես է եկել նաեւ Լոնդոնի ամենամեծ հայկական եկեղեցում:

Խմբի հիմնադրի խոսքով` կայանալիք երեւանյան համերգի ընթացքում կհնչեն տարբեր տարիներին գրված երգեր: Սեպտեմբերին խումբը ծրագրում է թողարկել նոր ալբոմ, որտեղ կզետեղվեն 6-8 նոր ստեղծագործություններ:Բացի խմբի անդամներից կլինեն նաեւ հատուկ հյուրեր:

2013 թ. լրանում է The Beautified Project-իհիմնադրման 8 տարին:

«Մեր ամենամեծ ձեռքբերումներից մեկն այն է, որ մեր տեսահոլովակները ցուցադրվել են այնպիսի հեղինակավոր հեռուստաալիքներով, ինչպիսիք են BBC-ն եւ MTV-ն»,- ասաց խմբի հիմնադիրը` հավելելով, որ ձեռքբերումների թվում է նաեւ անգլիական Antimatter խմբի հետ համատեղ համերգով հանդես գալը:

The Beautified Project ռոք խումը հիմնադրվել է 2005 թվականին Անդրե Սիմոնյանի կողմից Լոնդոնում: Այն ամենահայտնի անգլալեզու երգացանկ ունեցող խումբն է Հայաստանում, ինչպես նաեւ առաջին ռոք խումբը, որի տեսահոլովակները ցուցադրվել են BBC եւ MTV հեռուստաալիքների բրիտանական տարբերակով: 2011 թ. հյուրախաղերի ընթացքում BBC-ն նկարահանել է վավերագրական ֆիլմ խմբի մասին: The Beautified Project-ը 2008 թ. թողարկել է իր Behind The Happy Mask, իսկ 2010-ին` Beyond The Butterfly երաժշտական ալբոմները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում