ՀՀ ՍԴ-ն մերժեց Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումները
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սահմանադրական դատարանը մերժեց նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2013թ.-ի փետրվարի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» թիվ 62 Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ դիմումները:«Արմենպրես»-ի հաղորդմամբ`վճիռը կարդաց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
«ՍԴ որոշման իրավական հիմք կարող է հանդիսանալ միայն ապացուցողական նշանակություն ունեցող իրավական փաստերի համակցության գնահատումը»,-ասաց Գագիկ Հարությունյանը:
Անդրիաս Ղուկասյանը ներկա չէր վճռի ընթերցմանը:
ՀՀ Սահմանադրական դատարանում մարտի 13-ին ավարտվել է նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2013թ.-ի փետրվարի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» թիվ 62 Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ դիմումների միավորված քննությունը: Քննությունն անցկացվում է բանավոր ընթացակարգով: Միավորված գործով զեկուցողներ են ՀՀ սահմանադրական դատարանի անդամներ Կիմ Բալայանը, Ֆելիքս Թոխյանը և Աշոտ Խաչատրյանը:
Դատարանում նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներն են իրավախորհրդատու Կարեն Մեժլումյանը և պատասխանատու Զարուհի Փոստանջյանը: Անդրիաս Ղուկասյանն անձամբ է ներկայացնում իր դիմումը: Պատասխանող կողմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լիազորել է հանդես գալ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանին և իրավաբան Նունե Հովհաննիսյանին: Հարակից պատասխանողներ են նշանակվել դատախազությունից և ոստիկանությունից: Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչներն են ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
ՀՀ Նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Անդրիաս Ղուկասյանը 2013թ. մարտի 4-ին դիմել են ՀՀ սահմանադրական դատարան՝ ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի եւ 101-րդ հոդվածի 9-րդ կետի հիմքերով իրավունք ունենալով վիճարկել «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը։