Կարծիքներ

Հայաստանը վերջին տարիներին վարել է բավականին համակարգված քաղաքականություն Ռուսաստանի եւ ԵՄ-ի հետ. Իսկանդարյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանը վերջին տարիներին վարել է բավականին համակարգված քաղաքականություն Ռուսաստանի եւ ԵՄ-ի հետ. Իսկանդարյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն խոսում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման եւ ավելի ամրապնդման կարեւորության մասին: Մարտի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նշեց, որ բնական է համարում, որ Սերժ Սարգսյանը վերընտրվելուց հետո իր առաջին աշխատանքային այցը հենց Ռուսաստան է կատարել: «Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է եւ հուսալի գործընկերը: Այդ երկրի հետ հարաբրությունների պահպանումն ու խորացումը շատ կարեւոր է Հայաստանի համար, ուստի բնական է, որ Սերժ Սարգսյանն իր առաջին աշխատանքային այցը hենց Ռուսաստան կատարեց»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ասաց Իսկանդարյանը: Նրա խոսքով՝ Ռուսաստանն էլ իր հերթին Հայաստանի կարիքն ունի, քանի որ տարածաշրջանում նրա համար միակ հուսալի գործընկերն է: Նա նշեց, որ բարձր է գնահատում Ռուսաստանի նման գործընկերոջ հետ հարաբերությունների խորացմանն ուղղված ցանկացած գործողություն:

Խոսելով Աբխազական երկաթուղու վերաբացման մասին՝ Իսկանդարյանը նշեց, որ դա այնքան էլ հեշտ լուծելի խնդիր չէ, քանի որ դրա վերաբացումը կախված է մի քանի երկրներից: «Խաղի մեջ են մի քանի երկրներ, որոնցից յուրաքանչյուրն իր դիրքորոշումն ունի: Իսկ նման պայմաններում դժվար է խոսել երկաթուղու վերաբացման մասին: Ես կարծում եմ, որ մոտ ապագայում այդ երկաթուղին չի վերաբացվի՝ այդպես էլ մնալով խոսակցությունների մակարդակի վրա»,- ասաց քաղաքագետը:

Իսկանդարյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները վերջին տարիներին վարել են բավականին համակարգված քաղաքականություն: «Մենք պահպանել ենք բարիդրացիական հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ միաժամանակ խորացնելով հարաբերությունները Եվրամիության հետ, ինչը լուրջ ձեռքբերում կարելի է համարել»,- ասաց նա: Նա դրական համարեց նաեւ Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները՝ նշելով, որ ԱՄՆ-ն ոչ մի երկրի թույլ չի տվել Իրանի հետ ունենալ այնպիսի հարաբերություններ, ինչպիսին այս պահին ունի Հայաստանը: «Սրա հետ մեկտեղ մենք պահպանում ենք բարեկամական հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, ինչը ողջունելի է», - ասաց Իսկանդարյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 12-ին աշխատանքային այցի ընթացքում Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ քննարկվել են ռազմավարական գործընկեր և դաշնակից երկու պետությունների միջև քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար ոլորտներում համագործակցության ներկա վիճակին, երկկողմ հարաբերությունների առավել խորացմանն ու փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինին հրավիրել է այցելել Հայաստան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում