Շոու բիզնես

«Մալխաս» ջազ բենդը համերգ կտա Գյումրիում

3 րոպեի ընթերցում

«Մալխաս» ջազ բենդը համերգ կտա Գյումրիում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ջազը եւ Գյումրին» նախագծի շրջանակում ապրիլի 20-ին Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում տեղի կունենա ջազմեն Լեւոն Մալխասյանի ղեկավարած «Մալխաս» ջազ բենդի համերգը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նախագծի հիմնադիր Մկրտիչ Մանուկյանը նշեց, որ Լեւոն Մալխասյանի համերգն իսկապես սպասված է գյումրեցիների համար:

«Լեւոն Մալխասյանի հետ համերգի պայմանավորվածություն վաղուց կար, սակայն նախատեսված էր, որ այն պետք է տեղի ունենար Արտո Թունջբոյաջյանի համերգից հետո, մինչդեռ Թունջբոյաջյանը մեկնելու է ԱՄՆ, այդ պատճառով նրա համերգը նախագծի շրջանակում կկայանա վերադարձից հետո»,- նշեց Մանուկյանը:

Նրա խոսքով` հենց առաջին համերգի առաջացրած հետաքրքրությունն էլ պատճառ է դարձել այն շարունակական դարձնելու համար:

«Ջազը եւ Գյումրին» նախագծի հիմնադիրը դեռ չի հստակեցնում Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի հետաձգված համերգի անցկացման հնարավոր նոր ժամկետները: Համերգի հետաձգման պատճառն այն է, որ երգչուհին չէր ցանկանում, որպեսզի անախորժ միջադեպեր տեղի ունենան, քանի որ նախապես տեղյակ էր, որ համերգը բոյկոտելու նպատակով գյումրեցիները բողոքի ակցիա էին նախատեսել:

«Ջազը եւ Գյումրին» նախագծի առաջին համերգը տեղի է ունեցել 2012 թվականի նոյեմբերին, որին մասնակցում էր դաշնակահար Վահագն Հայրապետյանը, ինչպես նաեւ «Նյու-Յորք-Երեւան» ջազ քառյակի ամերիկյան ջազմենները:«Ջազը եւ Գյումրին» ծրագրի շրջանակում երկրորդ` «Չիկո եւ ընկերներ» համերգը կայացել է նախորդ տարվա դեկտեմբերին:

«Ջազը եւ Գյումրին» նախագծի նպատակն է Գյումրիում երաժշտասերներին ներկայացնել հայ եւ արեւմտյան ջազ երաժիշտների արվեստը: Նախագիծն իրականացնում են «Մանուկյան պրոդաքշն»-ը եւ Գյումրու ջազ ակումբը:

«Մալխաս» ջազ բենդի կայանալիք տոմսերի արժեքը 3000 դրամ է լինելու: «Արմենպրես» լրատվական գործակալությունը «Ջազը եւ Գյումրին» նախագծի ինֆորմացիոն հովանավորների թվում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում