Շոու բիզնես

«Արմենիա» երաժշտական մրցանակաբաշխությունն այս տարի նոր անակնկալներ է խոստանում

4 րոպեի ընթերցում

«Արմենիա» երաժշտական մրցանակաբաշխությունն այս տարի նոր անակնկալներ է խոստանում

ԵՐԵԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենիա» ազգային 8-րդ երաժշտական մրցանակաբաշխությունը Սփյուռքում (ARMENIA MUSIC AWARDS) տեղի կունենա ապրիլի 20-ին Կրեմլի պալատի դահլիճում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցումArmenia production ընկերության գլխավոր պրոդյուսեր ՎալերիՍահարյանը նշեց, որ ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կներկայանա 21 անվանակարգերով:

«Ավանդաբար մենք ունենում ենք 21 անվանակարգ, սակայն որպես կանոն ամեն տարի դրանց ավելանում են նաեւ հատուկ մրցանակները»,- ասաց Սահարյանը: Նրա խոսքով` ինչպես ամեն տարի, այս տարի եւս համերգային ծրագիրը հագեցած է լինելու անակնկալներով, հետաքրքիր բեմադրություններով, հումորով եւ երաժշտական ոճերի բազմազանությամբ:«Իհարկե սպասվում են համաշխարհային մեծության հատուկ հյուրեր, ում անունները, սակայն, գաղտնի են մինչ մրցանակաբաշխության օրը: Կարող եմ ասել միայն այն, որ այս տարվա հյուրը նախորդ տարվա հյուրին` Ալեն Դելոնին իր աստղային մեծությամբ չի զիջի»,- պատմեց գլխավոր պրոդյուսերը:

Հաղորդավարական կազմում հանդես են գալու Սամվել Գրիգորյանը, Լյուդմիլա Տատարովան, Նազենի Հովհաննիսյանը, Ալեքսանդր Օլեշկոն, Լուսինե Թովմասյանը եւ Դմիտրի Նագիեւը:

Սահարյանի գնահատմամբ` արդեն 8 տարվա կենսագրություն ունեցող «Արմենիա» ազգային մրցանակաբաշխության գլխավոր ձեռքբերումը տարիների ընթացքում առաջին հերթին բարձր արվեստի պրոպագանդումն է:«Մենք նպատակ ենք ունեցել անել այնպես, որ մրցանակաբաշխությունը չլինի պարային, իհարկե այստեղ հնչում են հայկական ծագման պարային երգեր, սակայն ռեստորանային, մեքենաներից հնչող երաժշտությունը մենք փորձել ենք բացառել` կարեւորելով բարձր արվեստի պրոպագանդումը»,- ընդգծեց Armenia production ընկերության գլխավոր պրոդյուսերը:

«Արմենիա» մրցանակաբաշխությունը հաջողված կենսագրություն ունեցող երաժշտական միջոցառումներից մեկն է, որը 2006 թվականին առաջին անգամ Մոսկվայում Կրեմլի պալատի դահլիճում համախմբեց հայկական էստրադայի լավագույն ներկայացուցիչներին: 2006 թվականին այն կրում էր «Անելիք» անվանումը, 2007-2010 թվականներին «Տաշիր»` արդեն 2011 թվականին անվանափոխվելով` «Արմենիա» մրցանակաբաշխություն:

Յուրաքանչյուր տարի մրցանակաբաշխությունը ուղղիղ հեռարձակմամբ ցուցադրվում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ աշխարհի 137 երկրներում: Տարիների ընթացքում մրցանակաբաշխությունը ստացել է համաշխարհային մասշտաբ` արժանանալով հեռուստադիտողների մեծ սիրուն, հատկապես` հայկական Սփյուռքում:

Յոթ տարիների ընթացքում մրցանակաբաշխության հատուկ հյուրի եւ մրցանակակրի կարգավիճակում են եղել երգչուհի Շերը, Դեմիս Ռուսոսը, Վլադիմիր Սպիվակովը, Իոսիֆ Կոբզոնը, Ալեքսանդր Սաֆինան, Հուլիո Իգլեսիասը, Ալեն Դելոնը, Իրինա Ալեգրովան, Ֆլորա Մարիտրոսյանը, Կոնստանտին Օրբելյանը, Ջիվան Գասպարյանը, շատ ուրիշներ:

Ելնելով այն հանգամանքից, որ մրցանակաբաշխությունն ամեն տարի տեղի է ունենում «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ընդառաջ`այդ տարվա Հաաստանի մասնակցին տրվում է հաջողություն բերող թալիսման` «Ավանս» մրցանակը:

Տարբեր տարիների կտրվածքով մրցանակաբաշխության հաղորդավարների շարքում հանդես են եկել հանրահայտ Յանա Չուրիկովան, Թինա Կանդելակին, Միխայիլ Գալուստյանը, Սաթի Սպիվակովան, Դմիտրի Խառատյանը, Լերա Կուդրյավցեւան, Օլգա Շելեստը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում