Հայաստանը միակ հարևանն է, որին Իրանը վստահում է և որի հետ ձգտում է խորացնել իր հարաբերությունները. Ռիչարդ Կիրակոսյան
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդի քաղաքական իրավիճակը նպաստավոր հող է պատրաստում վաղեմի հարևան երկրների` Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների ամրապնդման և խորացման համար: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով The Voice of Armenia հեռուստաընկերությունը, մի շարք քաղաքագետներ կարծիք են հայտնել, որ Հայաստանի շրջափակված լինելը հարևան թշնամի երկրների կողմից և միջուկային ծրագրի հետևանքով Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներըլուրջ նախապայմաններ են ստեղծումհայ-իրանական հարաբերությունների ամրապնդման համար:Մի կողմից իրանական կառավարությունը եզրեր է փնտրում խորացնելու հարաբերությունները հարևան բարեկամ երկրի հետ: Մյուս կողմից` պատմական երկու թշնամի երկների հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Հայաստանը ձգտում է ամրապնդել իր հարաբերությունները Իրանի հետ` չխախտելով միջազգային սանկցիաները: «Հայաստանն Իրանի միակ հարևանն է, որի կառավարությանն այդ երկիրը վստահում է և որի հետ ձգտում է խորացնել իր հարաբերությունները: Հայաստանի տեսանկյունից` այս երկու երկրները կիսում են նույն ճակատագիրը` շրջապատված լինելով թշնամական կամ մրցակից պետություններով»,- նշել էքաղաքական և ռազմական վերլուծաբան, փորձագետՌիչարդ Կիրակոսյանը:
Իրանագետ Գոհար Իսկանդարյանի գնահատմամբ` երկու երկրների փոխգործակցությանը լավագույնս կնպաստի կլինի Հայաստան-Իրան երկաթուղու գործարկումը:«Ներդրումների առկայության դեպքում մեր երկաթգիծը կարող ենք կապել Իրանի երկաթուղիների ցանցին և ելք ունենալ դեպի Հնդկական օվկիանոս կամ Պարսկական ծովածոց»,- նշել է Իսկանդարյանը:
Իրանը ցանկանում է նավթամուղ և հիդրոէլէկտրակայաններ կառուցել Հայաստանի հետ ընդհանուր սահմանի վրա: Սակայն, իրանագետի դիտարկմամբ, Իրանի նկատմամբ կիրառվող հետագա սանկցիաները կարող են խոչընդոտել ծրագրի ֆինանսավորումը:
«Իրանական կառավարությունն արգելել է շքեղ իրերի ներմուծումը երկիր` նոթբուքերից մինչև դիմահարդարման և կոսմետիկ ապրանքներ, անգամ շոկոլադ: Ինչ-որ տեղ կմեծանա զարտուղի ճանապարհներով նշված ապրանքները ձեռքբերելու ձգտումը: Զբոսաշրջության նպատակով Հայաստան եկող իրանցիները այստեղից են ձեռք բերում արգելված սպառողական ապրանքները», - նշել է Ռիչարդ Կիրակոսյանը:
Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը նշել է, որ շատ իրանցիներ բնակարաններ են գնում մայրաքաղաք Երևանում: «Դա կարող է նշանակել, որ նրանք նախապես ապահով վայր են փնտրում, եթե հանկարծ պատերազմ բռնկվի»,- եզրակացրել է Վարդանյանը:
Հայ եւ իրանցի ժողովուրդների միջև համագործակցությունը ձևավորվել է մոտ 3000 տարի առաջ: