Շոու բիզնես

Նինո Կատամաձեն Երեւանում իրեն զգում է ինչպես տանը

5 րոպեի ընթերցում

Նինո Կատամաձեն Երեւանում իրեն զգում է ինչպես տանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացի հանրահայտ երգչուհի Նինո Կատամաձեն Երեւանում է: Նա Insight խմբի հետ համատեղ Երեւանի «Յանս» երաժշտական ակումբում երկու համերգ տվեց մարտի 9-ին եւ 10-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մարտի 10-ին հրավիրված ասուլիսում Կատամաձեն նշեց, որ ամեն անգամ Երեւան է գալիս առանձնակի հաճույքով:

«Երեւանն ինձ համար առաջին հերթին իմ ընկերներն են: Երբեք չեմ հասցնում ամբողջովին դիտել քաղաքը, կոնկրետ տեղեր եմ հաճախում: Ինձ Երեւանում զգում եմ ինչպես տանը, անկեղծորեն եմ ասում»,- ասաց երգչուհին:

Նա նշեց, որ թեեւ Երեւանում բնակություն հաստատելու ցանկություն չունի, սակայն դեմ չէր լինի որեւէ երաժշտական նախագծի շրջանակում որոշ ժամանակով ապրել այստեղ: «Միեւնույն է, ես տարվա մեծ մասն անցկացնում եմ ինքնաթիռում եւ գնացքում: Ընդհանուր առմամբ, ողջ տարվա ընթացքում տանն եմ լինում մեկ ու կես ամիս»,- ասաց Կատամաձեն:

Պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե ինչ է ջազը նրա համար, Կատամաձեն ժպտալով պատասխանեց. «Ջազը երաժշտական ժանր է, որը տալիս է բոլոր հարցերի պատասխանը»:

Երգչուհին ուրախալի եւ կարեւոր համարեց նաեւ այն, որ Երեւանում ավելանում է ջազային որակյալ ակումբների թիվը: «Երաժշտական որակյալ սարքավորումների առումով իսկապես ձեր բախտը բերել է այս ակումբի հարցում: Ինձ համար երբեմն էական տարբերություն չկա, թե որ երկրում եմ, քանի որ միշտ փոխադրվում եմ մեքենայով, գնում եմ հյուրանոց, սակայն երաժշտական ակումբների որակի առումով Երեւանում հիմա ամեն ինչ հիանալի է: Երեւանցիները սիրում են ջազ, սիրում են այն ընկալել եւ բավականություն ստանալ»,- նշեց երգչուհին` ավելացնելով, որ ամեն անգամ, երբ Երեւանում է, անպայման այցելում է ջազմեն Լեւոն Մալխասյանի ակումբ, ում հետ իրեն կապում են վաղեմի ընկերական հարաբերությունները:

«Ակումբում համերգ տալը տարբերվում է առաջին հերթին դահլիճի էներգիայով. այստեղ ավելի ինտիմ միջավայր է, եւ արտահայտվելու խելահեղ մեծ հնարավորություն է ստեղծվում»,- ասաց Insight խմբի հիմնադիր Գոչա Կաչեիշվիլին:

Երաժիշտները նշեցին, որ իրենց համագործակցությունը խմբում վաղուց վերափոխվել է ամուր բարեկամական կապի:

Ի դեպ, Կատամաձեի` 36 տարեկանում մայրանալուց հետո լիովին փոխվել են նրա երաժշտական ընկալումները: «Մայրանալն ինձ համար նվեր էր, այն ինձ հնարավորություն տվեցլինել մի տեսակ իսկական: Դա ամենահրաշալի բանն է, որ կարող է տեղի ունենալ մարդու հետ»,- անկեղծացավերգչուհին:

Մոտ երկու ժամ տեւողությամբ երկու համերգների շրջանակում կայացել է նաեւ երաժիշտների նոր` Green ձայնասկավառակի շնորհանդեսը: Նախքան երեւանյան համերգը Կատամաձեն համերգ է ունեցել նաեւ Վրաստանում: «Այնպես էին ընդունում նրան, որ բառերով փոխանցել հնարավոր չէ. ողջ դահլիճը մեծ ամբողջականություն էր դարձել»,- ասաց ջազմեն Վազգեն Ասատրյանը:

Այն երաժշտությունը, որը ներկայացնում են Կատամաձեն եւ Insight-ը, ստիպում են մտածել մարդկային կյանքի հավերժության մասին: Նրանց մատուցած երաժշտությունը լուրջ արվեստ է գնահատողների համար: Ջազային հանրահայտ երգչուհին ծնվել է 1972 թվականին Վրաստանի Քոբուլեթի քաղաքում: Բեմում է չորս տարեկանից: 1990 թվականին ընդունվել է Բաթումի երաժշտական ինստիտուտ եւ նույն թվականից հանդես է եկել տարբեր սիրողական բեմերում: 1994 թվականին երգչուհին հիմնում է հատուկ հիմնադրամ, որի աշխատանքներն ուղղված են հաշմանդամ եւ սոցիալապես անապահով արտիստների աջակցությանը: Իր մասնագիտական գործունեությունը Կատամաձեն սկսել է 2000 թվականին, երբ սկիզբ դրվեց իր եւ Insight խմբի հիմնադիր Գոչա Կաչեիշվիլիի համագործակցությանը: Կատամաձեն խմբի հետ համատեղ թողարկել է 7 երաժշտական ալբոմ: Insight-ի կազմում են խմբի հիմնադիր եւ կիթառահար Գոչա Կաչեիշվիլին, բաս կիթառահար Ուչա Գուգունավան, փողային գործիքներ նվագող Դավիդ Աբլուաձեն:

Կատամաձեն Երեւանում համերգ էր ունեցել 2008 թվականին «Հայկական ջազ 70» նախագծի շրջանակում, ինչպես նաեւ` 2011 թվականի մարտին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում