ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց միջազգային օրվա առթիվ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն (Հայկ Հակոբյան)մարտի 8-ին հանդիսատեսին առաջին անգամ ներկայացրեց «Ես քեզ սիրահարվել եմ» երգը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում երգիչը նշեց, որ երգն իր նվերն է կանանց միջազգային օրվա կապակցությամբ:
«Երգի երաժշտության հեղինակը ես եմ, իսկ խոսքերինը` Ավետ Բարսեղյանը: Ի դեպ, սա Ավետի առաջին աշխատանքն է ինձ համար»,- պատմեց երգահանը:
Համանուն երգի տեսահոլովակի ռեժիսորն է լինելու Լուսինե Մարտիրոսյանը: Առաջիկայում երգիչը պատրաստվում է թողարկել իր նոր «Ես քեզ սիրահարվել եմ» ձայնասկավառակը:
Հայկոն ներկայացրել է Հայաստանը Հելսինկիում կայացած «Եվրատեսիլ 2007» միջազգային հեռուստատեսային մրցույթում` զբաղեցնելով 8-րդ տեղը:
Հայկական ֆիլմարտադրության մեջ նա ունի իրեն բնորոշ ձեռագիրը, դրանք մի շարք ֆիլմերի այցեքարտը դարձած soundtrack-ներն են, որոնց թվում են «Մի վախեցիր», «Ոչինչ չի մնա», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարան», «Հոբելյանական հաճախորդ», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի երաժշտությունը: