6 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կնոջ մասին պատմող եւ նրան բնորոշող հազարավոր ասույթներ են գրվել, նկարահանվել են փաստավավերագրական ֆիլմեր, որոնցից եւ ոչ մեկին դեռեւս չի հաջողվել գիտական ճշգրտությամբ տալ «Ի՞նչ է ուզում կինը» հարցի պատասխանը:Թեեւ հարցադրման վերջնական բանաձեւը ստանալու հեռանկար առայժմ չկա, սակայն իրենց գոյության պատմության ողջ ընթացքում մարդկության ուժեղ սեռի ներկայացուցիչները փորձել են յուրովի մեկնաբանել այս մշտապես արդիական հարցադրումը: «Արմենպրես»-ի թղթակիցը կանանց միջազգային օրվա առթիվ անդրադարձել է թեմային` զրուցելով տարբեր մասնագիտություններ ունեցող եւ իրենց ոլորտում առաջատար հայ տղամարդկանց հետ:
«Կինն ուզում է ուշադրություն». հոգեբան
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Աղուզումցյանը վստահ է, որ կանայք անկախ տարիքից, կարգավիճակից առաջին հերթին ցանկանում են լինել երջանիկ, սակայն այլ հարց է, թե յուրաքանչյուր կնոջ համար երջանկությունn ինչում է:
«Իմ ընկերներից մեկը մի լավ արտահայտություն ուներ, ասում էր մարդ կա մարդ է, մարդ էլ կա ես քեզ օրինակ:Այս արտահայտությունը կարելի է հեշտությամբ փոխակերպել`պատասխանելով «Ինչ է ուզում կինը» հարցադրմանը»,- նշեց հոգեբանական գիտությունների թեկնածուն: Նրա համոզմամբ` դեռ վաղ տարիքից կնոջ եւ տղամարդու միջեւ եղած հակասությունների պատճառն ընկած է դաստիարակության մեջ:
Հոգեբանը նշում է, որ տղամարդկանց ավելի հեշտ կլինի ընկալել կանանց հոգեբանությունն այն պարագայում, երբ մանկուց նրանց էությունն առավել ուղղված լինի դեպի կինը:
«Կասկածի ենթակա չէ, որ կինը ցանկանում է ուշադրություն, խոսքը վերաբերում է եւ կենցաղին, եւ առհասարակ յուրաքանչյուր հարցի: Նա ցանկանում է մշտապես լինել ուշադրության կենտրոնում, մատնված չլինել անտարբերության»,- ասաց Աղուզումցյանը: Նա կարծում է, որ չնայած նրան, որ կանանց համարում են թույլ սեռի ներկայացուցիչներ, կանայք կենսաբանորեն շատ ավելի ուժեղ են քան տղամարդիկ:
«Կինն ուզում է լինել ուժեղ տղամարդու կողքին». շախմատիստ
Շախմատի օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանի կարծիքով` կինն առաջին հերթին ուզում է երջանիկ լինել:
«Կինն ուզում է իրեն տեսնել ուժեղ տղամարդու կողքին, նվիրվել նրան եւ ամենակարեւորը` մայրանալ»,- նշեց Պետրոսյանը: Նրա համոզմամբ` կնոջ երջանկությունը ընտանիք ունենալու մեջ է:
Անդրադառնալով շախմատին` գրոսմաստերը նշեց, որ տղամարդիկ ավելի լավ են կարողանում շախմատ խաղալ, քան կանայք:
«Կնոջ համար մի քիչ դժվար է 6-7ժամ նստել եւ մտածել, չխոսել, իսկ տղամարդկանց համար մրցապայքարելն ավելի հեշտ է»,- պարզաբանեց Պետրոսյանը` հավելելով, որ տղամարդու համար շախմատիստ լինելը պրակտիկ տեսանկյունից է ավելի հեշտ, քանի որ հաճախ ոչ բոլոր ամուսնացած կանայք կարող են երկարաժամկետ ուղեւորությունների մեկնել, շարունակ բացակայել տանից :
«Կինն ուզում է գեղեցիկ լինել». պլաստիկ վիրաբույժ
««Ինչ է ուզում կինը» հարցին 100 –տոկոսով պատասխան ոչ մի տղամարդ չի կարող տալ: Եթե որեւէ տղամարդու հաջողվի տալ այդ հարցի ճշգրիտ պատասպանը, ապա նա կդառնա աշխարհի տիրակալը»,- ասաց 3-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցի պլաստիկ վերականգնողական միկրովիրաբուժության ծառայության ղեկավար Գեւորգ Ստեփանյանը: Նա նշեց, որ կնոջ համարահնրաժեշություն է երջանկությունը, իր կյանքում տղամարդու առկայությունը:
Պլաստիկ վիրաբույժի կարծիքով` կանայք ձգտում են ճոխության եւ գեղեցկության: Իր գործունեության ընթացքում հազարավոր կանանց արտաքին գեղեցկություն պարգեւած մասնագետը կես կատակ կես լուրջ վստահ է, որ չկան տգեղ կանայք, այլ փոխարենը կան անճաշակ վիրաբույժներ:
«Յուրաքանչյուր կին տարբեր բաներ է ուզում». Մարդու իրավունքների պաշտպան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կարծիքով` յուրաքանչյուր կին տարբեր բաներ է ուզում եւ նրանց ընդհանրացնելը սխալ է:
«Մաղթում եմ, որ յորւրաքանչյուր կին ստանա այն, ինչի մասին երազում է, թող ամեն կին հարգված լինի իր միջավայրում որպես լիարժեք անկախ, ինքնուրույն եւ ուժեղ մարդ»,- ասաց Անդրեասյանը:
Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը նույնպես վստահ է, որ ոչ մի տղամարդ երբեք չի կարող իմանալ, թե ինչ է ուզում կինը տվյալ պահին:
«Կինն ուզում է սիրված լինել». երգահան
«Կինն ուզում է լինել սիրված, պաշտպանված եւ ուշադրության կենտրոնում», - նշեց ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն, ում բորոլ երգերը բացառությամբ 2-ի նվիրված են հենց կանանց:
Նրա համերգներին ներկա տարբեր տարիքային խմբեր ներկայացնող կանանց թիվը վկայում է այն մասին, որ իգական սեռի ներկայացուցիչները սիրում են Հայկոյի երգերը առաջին հերթին զգացմունքայնության համար :
«Այն ապրումները, զգացունքները, որոնք ես զգացել եմ իմ կյանքում` հնչել են երգերի տեսքով, եւ կնոջը նվիրված երգերն ավելի ռոմանտիկ են ու զգացմունքային»,- հավելեց երաժիշտը:
Վերջերս լույս տեսած ֆիլմերից մեկում նկարագրված է մի տեսարան, որտեղ գլխավոր հերոսուհին իր ընկերոջը բացում է հավերժական «գաղտնիքը»` ասելով, որ իրականում կանայք էլ չգիտեն թե, ինչ են ուզում: Սակայն վերոնշյալն այնքան էլ այդպես չէ, կանանց առաջին հայացքից «պրիմիտիվ» եւ ակնհայտ ցանկությունների հետեւում հաճախ թաքնված է խորը եւ բարդ իմաստ:
Հարցադրման պատասխանը փորձեց գտնել Տաթեւիկ Գրիգորյանը